Տերունական աղոթքը, խաչեր ու այլ հոգևոր բովանդակություն թևերին դաջած՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դատարանի դահլիճից դուրս եկավ ծափերի ներքո։
Դեռ որոշում չկա, նիստը մեկ շաբաթից է շարունակվելու։ Եթե Առուշանյանը համայնքապետի պաշտոնից չի հեռանում, ուրեմն պիտի ազատազրկվի։ Պրոբացիայի ծառայություննէ միջնորդություն ներկայացրել դատարան։ Հիմնավորումն այն է, որ երեք հանցագործությունների համար դատապարտված Առուշանյանի պատիժներից մեկն էլ 5 տարով համայնքային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումն է։ Գորիսի ավագանին մերժել է Առուշանյանին անվստահություն հայտնելու պրոբացիայի ծառայության դիմումը՝ հիմնավորելով, որ նման լիազորություն չունեն, և գործը հասել է դատարան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը վարույթ է ընդունել Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ Առուշանյանի բողոքը
«Ես հրաժարական չեմ տալու, ինձ ժողովուրդն է ընտրել երկրորդ անգամ, երկրորդն անգամն էլ եղել եմ կալանքում, և մոտ 70 տոկոս վստահության քվե է տվել», - հայտարարեց նա։
Առուշանյանը որոշման հետ համաձայն չէ, այն բողոքարկել է, բայց առանց արդյունքի։ Դատարանում էլ այսօր նրա փաստաբանական թիմը հայտարարեց՝ լիազորությունները դադարեցնելու իրավական հիմքեր չկան։
Բակում Առուշանյանի աջակիցներն էին հավաքվել, նրանք Առուշանյանին համարում են «ոսկե տղա», որ խանգարում է իշխանությանը։
«Վերիշենը, Ներքին Խնձորեսկը, Քարահունջը, արցախցիները ձեր կողքին են»՝ այսպիսի պլակատներով են եկել նաև խոշորացված համայնքներից։ Պնդում են՝ 33-ամյա Առուշանյանի պաշտոնավարմամբ քաղաքը միայն ծաղկում է։
Առուշանյանն ինքը պաշտոնից հեռանալու կամ ազատազրկվելու այս դատական պրոցեսը քաղաքական հետապնդում չի համարում. - «Ես իմ բոլոր աջակիցներին, ընկերներին խնդրում եմ հուզական ֆոնի մեջ չմտնել։ Ես այս ֆորմատը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, որովհետև ես քաղաքականությունով չեմ էլ զբաղվում, որ քաղաքական ինչ-որ խնդիրներ տեսնեմ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անհրաժեշտ է տրամադրել ամբողջական ինֆորմացիա՝ ինչ է կատարվում»․ վարչապետն ընդունել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիսի քաղաքապետն ազատ արձակվեց ձերբակալությունից. պնդում է` քաղաքական հետապնդման է ենթարկվում
Առուշ Առուշանյանը 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մյուս համայնքապետերի հետ վարչապետ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում էր։ Վերջին փուլում նա մարզում դիմավորում է թե՛ ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսին, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այսօր հայտարարեց՝ իր պայքարը պաշտոնների համար չի եղել, այլ Արցախի, իսկ իշխանությունների հետ համագործակցում է քաղաքի զարգացման համար։
«Առուշը կոտրվել է», այսպիսի մեղադրանքներ կան ընդդիմադիր դաշտից։ Լրագրողները Առուշանյանից արձագանք խնդրեցին, ասաց՝ «կհանդիպենք, փոքրիկ»։