Երկուշաբթի «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները վայր կդնեն մանդատները

«Ազատության» տեղեկություններով՝ երկուշաբթի «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ վայր կդնեն մանդատները։

Ըստ գործող կարգի՝ ավագանու անդամները համայնքի ղեկավարին են ներկայացնում մանդատներից հրաժարվելու դիմումը, որն էլ իր հերթին արձանագրություն է կազմում ու հանձնում ընտրատարածքային հանձնաժողովին։

«Մանդատից հրաժարվելն ընդունում է համայնքի գործող ղեկավարը, հանձնաժողովը նոր մանդատ է տրամադրում: Հրաժարվելու ընդունել-չընդունելու հետ հանձնաժողովը գործ չունի», - ասաց Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը:

Տիգրան Ղազարյանի փոխանցմամբ՝ մի դիմում էլ քաղաքապետը պետք է ինքն իրեն գրի։

«Օրենքը հստակ գրած է՝ ավագանու անդամը բացարկի, այսինքն, մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացնում է համայնքի ղեկավարին։ Այսինքն Սամսոնյան Վարդգեսը, եթե հրաժարվում է մանդատից, ինքը՝ Սամսոնյան Վարդգես ավագանու անդամը դիմում է Սամսոնյան Վարդգես համայնքի ղեկավարին: Կարող է դա այլ կերպ ձևակերպվի, բայց դիմելու փաստը պետք է լինի, որ արձանագրությունը վավեր լինի, արձանագրություն է կազմվում, ինչի՞ հիման վրա, այսինքն, քո ցանկությունն է չլինել ավագանու անդամ: Իսկ, համայնքի ղեկավար, եթե դու ավագանու անդամ արդեն իսկ չես, օրենքի ուժով դու համայնքի ղեկավար չես», - նշեց Ղազարյանը:

Մինչ «Բալասանյան» խմբակցությունը պաշտոնապես կհրաժարվի Գյումրիի կառավարումից, դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված, բայց մանդատ չստացած թեկնածուներն են դուրս գալիս ցուցակից, որպեսզի չստանան հաջորդական մանդատները։

Արդեն հինգ նման դիմում է ներկայացվել ընտրատարածքային հանձնաժողով, այդ թվում՝ փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանինը։

Ջանոյանը մի քանի օր է տնային կալանքի տակ է և անցնում է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրեական գործով։

Իրավապահները պնդում են, որ նաև նրա օգնությամբ են Բալասանյանները տարիներ առաջ կեղծիքով տիրացել Գյումրիի պատմական Սև բերդի հարակից հողերին։ Երեկ երեկոյան հանձնաժողովը բոլոր դիմումները բավարարեց։

«Բալասանյան» դաշինքի ցուցակից միայն մեկ հոգի է մնում, որ դիմում չի ներկայացրել։ Նա Հայաստանում չէ։

«Եթե գործող ավագանիներից մանդատից հրաժարվող լինի, արձանագրությունը համայնքի ղեկավարի կողմից կուղարկվի հանձնաժողով, հանձնաժողովը նիստ կգումարի, այդ նիստի ժամանակ հերթական հաջորդ համարին, այսինքն, Էմմա Հովհաննիսյանին կտրամադրվի մանդատ», - ներկայացրեց Տիգրան Ղազարյանը:

Գյումրիի իշխող ուժը, որ դեռ երկու տարի էլ կարող էր կառավարել, այս ընթացքում քար լռություն է պահպանում։ Որևէ կերպ չեն բացատրել մոտալուտ հրաժարականի պատճառներն ու արդյոք այս ամենը կապված է նախկին ազդեցիկ քաղաքապետի ու նրա չորս մերձավորների, այդ թվում՝ որդու դեմ հարուցված քրեական վարույթի հետ։

Ավագանու մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որ Գյումրիում ընդդիմություն է, արդեն հայտարարել է, որ պատրաստվում է արտահերթ ընտրությունների ու նույնիսկ համայնքապետի թեկնածու ունի։ Միևնույն ժամանակ հերքում են պնդումները, թե ճնշումներով են հեռացնում «Բալասանյան» դաշինքին, որպեսզի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում ևս իշխանություն հաստատեն։