Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Արտգործնախարարությունից։
Մինսկի խումբը լուծարելու պահանջ Բաքվից պարբերաբար է հնչում, այս փուլում Հայաստանից ակնկալվող քայլերի մեջ Ադրբեջանի նախագահը հուլիսի վերջին Սահմանադրության փոփոխությունից բացի նաև Մինսկի խումբը համատեղ լուծարելու պահանջ էր դրել։ Բայց, ըստ Ալիևի, «Հայաստանը համաձայն չէ դրան»։
«Եթե Հայաստանը նախընտրի պահպանել Մինսկի խումբը, նշանակում է՝ մեր նկատմամբ նրանց տարածքային նկրտումները դեռ կան», - հայտարարել էր Իլհամ Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է. Ալիև«Մինսկի խմբի հետ կապված խոսակցություններն այն խոսակցություններն են, որոնք կարող են լինել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո: Այսինքն, երբ որ խաղաղության պայմանագիր ենք կնքում, իր իմաստն ուղղակի կորում է», - Մինսկի խումբը լուծարելու՝ Ադրբեջանի նախագահի հերթական պահանջից հետո էր Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել։
Երևանն, ինչպես պաշտոնյաների հայտարարություններից ու Արտգործնախարարության «Ազատության»-ն ուղարկած պատասխանից է պարզ դառնում, չի մերժում Մինսկի խմբի լուծարման՝ ադրբեջանական առաջարկը, բայց Բաքուն մինչև խաղաղության պայմանագիրն է ուզում տեսնել Լեռնային Ղարաբաղի հարցով 3 տասնամյակ զբաղված կառույցի չգոյությունը, Երևանը՝ դրա կնքումից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը պահանջում է լուծարել Մինսկի խումբը, իշխանությունից ասում են՝ խաղաղության պայմանագրից հետոԲաքուն փորձում է վերացնել հակամարտության վերաբերյալ բոլոր պաշտոնական հիշատակումները. քաղաքագետ
Ադրբեջանը փորձում է վերացնել հակամարտության վերաբերյալ բոլոր պաշտոնական հիշատակումները՝ Բաքվի շարժառիթներին անդրադառնալով կարծիք հայտնեց քաղաքագետ, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը։
«Տրամաբանությունը հետևյալն է, որ չպետք է լինի Լեռնային Ղարաբաղի և հակամարտության վերաբերյալ որևէ ֆորմալ հիշատակում, որպեսզի եթե հանկարծ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա և նոր իշխանությունները ունենան այլ պատկերացումներ, նրանք չունենան այդ ֆորմալ փաստարկները հակամարտությունը կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը վերակենդանացնելու համար: Ըստ իս՝ սա բավականին մակերեսային մոտեցում է, իհարկե, եթե Հայաստանում հանկարծ այդպիսի ուժեր գան իշխանության, նրանք չեն նայելու Մինսկի խմբի գոյությանը կամ չգոյությանը կամ էլ Հայաստանի Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի առկայությանը կամ բացակայությանը», - ասաց քաղաքագետը:
Չնայած Երևանի այսօրվա դիրքորոշմանը, թե Մինսկի խմբին պայմանագրից հետո կանդրադառնան, Գրիգորյանը համոզված չէ, թե հայաստանցի բանակցողները մինչև վերջ անսասան կմնան։
«Երևանը պնդում է, որ գնացեք ստորագրմանը, մենք կգնանք այդ քայլին, բայց այստեղ պարզ չէ, թե կողմերից որ մեկը կգնա զիջման: Այսինքն՝ երկու մեծ հաշվով տարբերվող դիրքորոշումների պարագայում, որ դիրքորոշումը կդառնան ընդունելի երկու կողմերի համար: Փորձը ցույց է տալիս, որ Երևանն է վաղ թե ուշ ընդունում Բաքվի մոտեցումները», - ընդգծեց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԳՆ-ն հաստատեց՝ ապաշրջափակումը հանվել է բանակցվող փաստաթղթից, ընդդիմությունից դա ձախողում են համարումՉնայած պարբերաբար հնչող լավատեսական կանխատեսումներին, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը 2.5 տարի է չի ստորագրվում։ Վերջերս հայտնի դարձավ, որ տարիներ շարունակ վիճելի հարցերից մեկը՝ ապաշրջափակման թեման էլ է բանակցությունների օրակարգից դուրս եկել՝ դրան կողմերը որոշել են անդրադառնալ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, սահմանազատումը վաղուց է առանձին գործընթաց։ Ու միակ, գոնե հրապարակային խոչընդոտը, որի մասին Բաքուն է խոսում ու ստորագրման նախապայման դարձնում, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ այդ հարցը չի կարող դառնալ բանակցության մաս. - «Այդ հարցը փորձել բերել բանակցությունների սեղան, խաղաղության գործընթացի տորպեդահարում է»:
Ինչպես Մինսկի խմբի լուծարման, Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու պահանջն էլ, Ադրբեջանի պնդմամբ, մի նպատակի համար է, որ համոզվեն՝ Հայաստանն իրենց նկատմամբ տարածքային նկրտումներ չունի։ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչած Երևանը մշտապես հերքել է, թե տարածքային պահանջներ ունի Բաքվից։