Երևանն ապաշրջափակման հարցով իր առաջարկները Բաքվին է ուղարկել կազանյան բանակցություններից հետո

Պաշտոնական Երևանը տարածաշրջանի ապաշրջափակման հարցով իր առաջարկները Բաքվին է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կազանյան բանակցություններից հետո։

Ադրբեջանին փոխանցված փաթեթը բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, հիմքում էլ երկրների ինքնիշխանության և իրավազորության սկզբունքներն են, թեև առաջարկների բովանդակությունը չի գաղտնազերծվում՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը որոշ մանրամասներ պատմեց:

«Առաջարկն ուղարկվել է Ադրբեջան, մինչ այս պահը գրավոր արձագանք, իմ իմացությամբ, չկա», - ասաց Խանդանյանը:

«Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է, որ խոսքը ճանապարհների վերահսկողությունը պահնորդական ընկերությանը պատվիրակելու մասին է, Խանդանյանը պատասխանեց՝ «որքան գիտեմ, դրա մասին խոսք չկա՝ որոշակի քննարկումն ընթացք ստանա, առայժմ առաջարկների մասին ենք խոսում»:

Երկու օր առաջ խորհրդարանում վարչապետ Փաշինյանն էր առաջինը հայտնել՝ տրանսպորտային ուղիների բացման համար Բաքվին փոխանցված գրավոր առաջարկների մասին, միաժամանակ կարծիք հայտնել, որ այս հարցում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխադարձ ընդունելի լուծում ունենալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին գրավոր առաջարկ է արել կոմունիկացիաների բացման հարցով. վարչապետ

Առանց Բաքվի պատասխանի՝ ինչպես է վարչապետը խոսում փոխադարձ ընդունելի լուծման մասին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց. - «Այն խոսակցությունից, որը տեղի է ունեցել Կազանում ու որոշակի դետալներ, ենթադրում եմ, քննարկվել են, դրանից հետո հնարավոր է լինի փոխընդունելի լուծում: Երբ արձագանք ստանաք, այդ «հնարավոր է»-ն ավելի նյութական կդառնա»:

Այսօր արձագանքելով վարչապետ Փաշինյանին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ոչ թե «Խաղաղության խաչմերուկ»-ից է խոսել, այլ կրկին հիշեցրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները։ Բայրամովը ևս չի նշել, թե կոնկրետ ինչ է առաջարկում Երևանը:

«Երեքուկես տարվա քննարկումներից հետո «համաձայնություն է ձեռք բերվել» արտահայտությունը համարում ենք ուշացած։ Այդ պայմանավորվածությունը պետք է վաղուց ձեռք բերված լիներ։ Եթե այս հարցում դեռ պաշտոնական փաստաթուղթ չկա, եթե Հայաստանն այս ուղղությամբ աշխատանքներ չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան», - նշել է Ջեյհուն Բայրամովն՝ ընդգծելով, որ Ադրբեջանում «արագ տեմպերով աշխատանքներ են ընթանում տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ, և այն շուտով կհասնի Հայաստանի հետ սահմանին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե ՀՀ-ն աշխատանքներ չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան»․ Բայրամովն արձագանքել է ապաշրջափակման հարցով Փաշինյանի հայտարարությանը

Գրեթե չորս տարի է՝ Երևանն ու Բաքուն բանակցում են ճանապարհների ապաշրջափակման հարցով, բայց առանց որևէ արդյունքի: Ադրբեջանն այս տարիներին, կիրառելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը, առանց ստուգումների անցում է պահանջում Սյունիքով դեպի իր էքսկլավ Նախիջևան, իսկ հայկական կողմը կտրուկ մերժում է՝ դա համարելով կարմիր գիծ: Հենց այդ տարաձայնությունների պատճառով էլ ամիսներ առաջ կողմերն ապաշրջափակման դրույթը հանեցին խաղաղության պայմանագրից՝ հետագայում քննարկելու համար:

Արդյոք այս օրակարգին վերադառնալը նշանակո՞ւմ է, որ Բաքուն հրաժարվել է միջանցքի իր պահանջից, իշխանության ներկայացուցիչն արձագանքեց. - «Մենք պետք է սպասենք ավելի նյութական արձագանքին Ադրբեջանի, հետո եզրահանգումներ անենք»:

44-օրյա պատերազմից հետո ճանապարհների ապաշրջափակման բանակցություններն ընթանում էին ռուսական միջնորդությամբ և հիմնված էին նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա, որում նշված է, թե տրանսպորտային հաղորդակցությունների բացումից հետո դրանց նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնեին ռուս սահմանապահները: Հայաստանի կառավարությունը, սակայն, պնդում է, որ սա ենթադրում է մոնիտորինգ, ոչ թե տեղում ռուսական ներկայություն։