Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բուդապեշտում հանդիպմանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը։
Կառավարության հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման քայլերին:
Պաշտոնյաները Հունգարիայի մայրաքաղաքում տասնյակ այլ առաջնորդների հետ մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ հանդիպմանը։ Այսօր ավելի վաղ նրանք նաև կարճատև զրույց էին ունեցել։ Էմանյուել Մակրոնն էլ քննարկման ժամանակ ունեցած ելույթում կարճ անդրադարձել էր հայ - ադրբեջանական հարաբերություններին ու հույս հայտնել, որ Երևանն ու Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել:
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն ու Էմանյուել Մակրոնն արդեն երկկողմ հանդիպմանն անդրադարձել են նաև տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսության ընթացքին:
Այս շաբաթ՝ ավելի վաղ, Բաքուն խաղաղության պայմանագրի նախագծի իր տարբերակը Երևանին ուղարկելուն զուգահեռ սպառնացել էր «պարտադրել Հայաստանին այն ստորագրել»։
- Բաքուն մերժում է համաձայնեցված կետերով փաստաթուղթ ստորագրելու, չհամաձայնեցվածների քննարկումն ապագային թողնելու Երևանի առաջարկը՝ պնդելով, որ տեքստն ամբողջությամբ պետք է համաձայնեցվի, այժմ կողմերը հենց դա էլ փորձում են անել:
- Իշխանությունից վստահեցնում են՝ բանակցություններում դրական զարգացումներ կան, և ավելի քան երկու տարվա քննարկումներից հետո պայմանագիր կնքելու հնարավորություն են տեսնում: