Եվրամիությունը կփակի դռները Վրաստանի առաջ, եթե այդ երկրի կառավարությունը շարունակի ներկայիս քաղաքական ընթացքը, ԵՄ Խորհրդի նիստին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«ԵՄ-ի դռները հիմա բաց են Վրաստանի առաջ: Բայց, եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ հիմա է անում, այդ դռները կփակվեն»,- ասել է բարձր հանձնակատարը նշելով, որ Վրաստանի ժողովուրդը պետք է վճարի իր կառավարության գործողությունների համար:
Նրա խոսքով՝ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը և դրանից բխող ԵՄ հնարավոր քայլերը:
«Քննարկման արդյունքների մասին կտեղեկացնեմ հանդիպումից հետո»,- ավելացրել է Բորելը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաջորդ շաբաթ Բրյուսելում քննարկելու են ԵՄ-Վրաստան հարաբերություններըՄայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը, ինչը խիստ քննադատության են ենթարկել իրավապաշտպանները, ՀԿ-ները, անկախ ԶԼՄ-ները և երկրի արևմտյան գործընկերները՝ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել օրենքի վրա, սակայն օրենսդիրները մայիսի 28-ին քվեարկությամբ այն շրջանցել են, և նախագիծը մտել է ուժի մեջ:
Օրենքը ենթադրում է, որ դրսից 20 և ավելի տոկոսով ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները պարտավոր են գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»: ՀԿ-ներից շատերն արդեն հայտարարել են, որ չեն ենթարկվի պահանջին:
Պարտավորությունը չկատարողների նկատմամբ կսահմանվեն տուգանքներ՝ մինչև 25 հազար լարի, ինչը հավասար է մոտ 8 հազար 700 ԱՄՆ դոլարի: Տուգանքից հետո հայտարարագիրը չներկայացնելու դեպքում ուշացման ամեն ամսվա համար կգանձվի 20 հազար լարի (մոտ 7 հազար դոլար):
Քննադատների համոզմամբ, «ռուսական» անունը ստացած այդ օրենքն իշխանություններին կտա անկախ ՀԿ-ների և մամուլի գործունեությունը խիստ սահմանափակելու հնարավորություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն դիտարկում է վիզային սահմանափակումներ և պատժամիջոցներ՝ ի պատասխան «օտարերկրյա գործակալի» մասին օրենքի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպական միության և Վրաստանի պաշտոնատար անձանց փոխադարձ այցերը կարգելվեն