Հաջորդ շաբաթ Բրյուսելում քննարկելու են Եվրամիություն-Վրաստանի հարաբերությունները, այսօր հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ Վրաստանի հետ հարաբերությունները նախ քննարկվելու են դաշինքի անդամ պետությունների ԱԳ նախարարների, ապա երկրների ղեկավարների մակարդակով։
«Դրանից հետո կոնկրետ որոշումներ կկայացվեն», - նշել է Գերչինսկին։
«Ցավով պետք է արձանագրեմ, որ մենք մեր հարաբերությունների բարդ փուլում ենք։ Մենք բազմիցս ասել էինք, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը բացասաբար կազդի ԵՄ-Վրաստան հարաբերությունների վրա։ Ցավոք սրտի, դա տեղի ունեցավ», - նշել է ԵՄ դեսպանը։
- Օրերս հայտնի դարձավ, որ Եվրամիությունը մտադիր է քննարկել վրացիների համար մուտքի արտոնագրերի պահանջների վերականգնման հարցը։ Բրյուսելը նման քայլի է դիմում` ի պատասխան «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի, որը Վրաստանի իշխող ուժն ընդունել է՝ չնայած շաբաթներ տևած բազմահազարանոց բողոքի ցույցերին, միջազգային նախազգուշացումներին։