Կալասն առաջարկել է երկարաձգել դիտորդական առաքելության տեղակայումը
Ադրբեջանական վերջին օրերի սպառնալիքների և հնարավոր ռազմական գործողությունների կանխատեսումների ֆոնին՝ այսօր հայտնի դարձավ, որ Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը։
«Ազատությանը» ԵՄ արտգործնախարարի գրասենյակից այսօր հայտնել են. «Անդամ երկրները ողջունել են առաջարկը և այս պահին քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը՝ Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին»։
ԵՄ դիտորդները Հայաստան էին ժամանել 2 տարի առաջ՝ 2023-ին։ Առաքելության ժամկետը լրանում է այս փետրվարին։ Բաքուն տևական ժամանակ նրանց մեղադրում է լրտեսության և տարածաշրջանի կայունությունը խախտելու մեջ՝ պահանջելով Երևանից դադարեցնել դիտորդների գործունեությունը սահմանին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներիցԻ պատասխան Ադրբեջանի այդ մեղադրանքներին՝ Բարձր ներկայացուցչի գրասենյակից նշել են. «Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը շատ հստակ է՝ դիտարկել և զեկուցել տեղում՝ հողի վրա Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը և նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին: Դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր զինված միջադեպերի թիվը սահմանամերձ տարածքներում զգալիորեն նվազել է։ Ինչպես հայտնի է, ԵՄ-ն Ադրբեջանին պարբերաբար տեղեկացնում է առաքելության գործունեության մասին»։
«Մենք խոսում ենք ենք տարածաշրջանում խաղաղության և հարաբերությունների կարգավորման շուրջ մեր հավատարմության մասին»
Բաքվից վերջին օրերին հնչող սպառնալիքների ֆոնին արդյո՞ք ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգումը ինչ-որ կերպ կկանխի Ադրբեջանի հնարավոր հարձակումը Հայաստանի վրա։ «Ազատությունը» հարցն այսօր ուղղեց Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին, որ այսօր խորհրդարան էր եկել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ միասին:
«Դուք գիտեք, որ դիտորդական առաքելությունը շատ հստակ մանդատ ունի՝ դիտարկել սահմանը, որպեսզի Հայաստանի հանրությունը տեղյակ լինի իրավիճակին, և մենք հավատարիմ ենք դրան։ Մենք սպասում էինք, որ դա տեղի կունենա, բայց դիտորդական առաքելությունը երկարաձգելու որոշումը դեռ չի կայացվել։ Պետք է սպասենք», - ասաց նա։
Ադրբեջանի նախագահի Հայաստանին ուղղված սպառնալիքներից հետո մեծացել են էսկալացիայի կանխատեսումները, որքանո՞վ են մեծ ռիսկերը այս առումով, Մարագոսն ասաց. - «Ես այստեղ եմ ԵՄ հատուկ ներկայացուցիչ տիկին Գրոնոյի հետ, ու մենք քննարկել ենք այս հարցը Հայաստանի իշխանությունների հետ։ Մենք խոսում ենք ենք տարածաշրջանում խաղաղության և հարաբերությունների կարգավորման շուրջ մեր հավատարմության մասին»։
Բաքվի հռետորաբանության պայմաններում սահմանին մոտ 200 եվրոպացի դիտորդների ներկայությունը օրերս կարևոր գործոն էր համարել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, պնդելով՝ Երևանը շարունակելու է այդ առաքելության կարիքն ունենալ, քանի դեռ Հայաստանը Ադրբեջանի հետ չունի սահմանազատված սահմաններ, և քանի դեռ Բաքուն շարունակում է հրադադարի խախտման մասին շինծու մեղադրանքներ ներկայացնել Երևանին։
Տեղյակ ենք Հայաստանի կառավարության որոշման մասին և կուսումնասիրենք այն. ԵՄ դեսպան
Իսկ ինչպե՞ս են Բրյուսելում գնահատում Հայաստանի կառավարության որոշումը, որով հավանություն տրվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։
«Մենք տեղեկացել ենք այդ որոշման մասին և պատրաստվում ենք ուսումնասիրել այն։ Ինչպես գիտեք, մենք շատ սերտ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ և աշխատում ենք խորացնել այդ հարաբերությունները: Մենք ունենք «Դիմակայունություն և աճ» ծրագիրը (խմբ. այդ ծրագրով 270 միլիոն եվրո պետք է հատկացվի Հայաստանին), և մենք քննարկումների մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ, այն բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ԵՄ- Հայաստան հարաբերություններին, որոնք ընթանում են դրական ուղղությամբ», - ասաց դեսպանը։
Արդյոք Հայաստանն իսկապես Եվրամիությանը անդամակցելու հնարավորություն ունի՞, Բրյուսելի դիվանագիտական ներկայացուցիչն ասաց՝ ամեն երկիր ինքն է այդ որոշումը կայացնում։ Վասիլիս Մարագոսի խոսքով՝ կան ԵՄ պայմանագրի դրույթներ, որոնք բացատրում են, թե ինչպես պետք է անդամակցությունը տեղի ունենա։ Բայց արդյոք Եվրամիությունը սպասո՞ւմ է Հայաստանին իր ակումբում, Մարագոսը պատասխանեց. - «Եվրամիությունը խիստ հավատարիմ է Հայաստանի հետ իր հարաբերությունները խորացնելու հանձնառությանը։ Ինչպես գիտեք մենք բանակցում ենք գործընկերության նոր օրակարգի շուրջ։ Ինչպես նաև մենք հայտարարել ենք «Դիմակայունություն և աճ» ծրագիրը, որի իրականցման փուլում ենք»։
Հայաստանում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը
Հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին, տարածաշրջանային այցով Հարավային Կովկասի երկրներ է ժամանել Եվրամիության հատուկ ներկայացուցիչը։ Բաքվից Երևան ժամանած Մագդալենա Գրոնոն երեկ հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հիշեցրել էր Եվրոպական խորհրդարանում իր 2023 թվականի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է Եվրոպական միությանն այնքան մոտ լինել, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։
Փաշինյանը նաև տեղեկացրել է կառավարության հավանությանը արժանացած Հայաստանի ԵՄ անդամակցության օրինագծի մասին։
Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը այդ նույն օրինագծին է անդրադարձել նաև Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, թե կառավարության դրական եզրակացությունը համահունչ է փոխգործակցության խորացման դինամիկային և Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին: