Եկան, շրջեցին, ում տեսան բարևեցին, գնացին. Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը Եվրամիության դիտորդների առաջին այցը գյուղ այսպես է նկարագրում:
«Նայեցին, ասացին հաճախակի են գալու, մինչև էդ չէին թողնում, առաջին անգամն ա», - ասաց Խաչատուր Բաղդասարյանը:
«Հաջող պարեկություն իրականացրինք Հայաստանի հարավում գտնվող սահմանին՝ գնահատելու հումանիտար ու անվտանգային իրավիճակը», - Եվրամիության դիտորդներն առաքելության X-ի էջում են գրել։ Տարածել լուսանկարներ, Ներքին Հանդում ապրողներից միայն գյուղապետի հետ։
Գյուղի մուտքի մոտ 44-օրյա պատերազմից հետո տեղակայված ռուսական հենակետի ծառայողները երկու ամիս առաջ հեռացան՝ ըստ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների մոսկովյան համաձայնության։ Մինչև այդ՝ Ներքին Հանդը Հայաստանի տարածքում միակ վայրն էր, որտեղ եվրոպացի դիտորդները մուտք չունեին. այս մասին խոսել էին առաքելության ղեկավարն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը:
«Մեր առաքելությունը կարող է այցելել Հայաստանի ամբողջ տարածք՝ բացառությամբ Ներքին Հանդի տարածքը, որը ФСБ-ի պատասխանատվության գոտում է գտնվում», - հայտարարել էր ԵՄ առաքելության ղեկավարը Մարկուս Ռիտերը:
«Տեղյակ ենք այդ խնդրի մասին և փորձելու ենք հասցեագրել այդ խնդիրը», - ասել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Որ ռուսները խոչընդոտում են ԵՄ դիտորդների մուտքը գյուղ՝ պաշտոնատարներից բացի, գյուղացիներն էլ էին հաստատում, ի հակադրություն սրա՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում էր՝ սահմանի որևէ հատվածում Եվրամիության դիտորդների համար խոչընդոտներ չկան։
Փաստն այն է, որ այս դիտորդները Ներքին Հանդ մտան միայն երեկ, ռուսների հեռանալուց երկու ամիս անց. գյուղացիներից Նորիկ Դանիելյանը գոհ է:
«Ռուսները մեզ խանգարում էին, կրակում էին, ասում էին՝ հայերն են կրակել», - ասաց բնակիչը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին․ ԱԽ քարտուղարՎերջին արյունոտ միջադեպը սահմանի այս գյուղում փետրվարին էր՝ ադրբեջանական կրակի հետևանքով 4 զինվորական զոհվեց։
Ներքին Հանդի բնակիչներից Լուսինե Բաբայանը շեշտում է՝ ռուսները գյուղի մուտքի մոտ նստեն, թե եվրոպացիները մտնեն շրջեն, միևնույնն է, գյուղը խոցելի անվտանգային իրավիճակում է:
Գյուղը երեք կողմից ադրբեջանական հենակետերով է շրջապատված, դրանք նաև գյուղի վարչական սահմաններում են: Գյուղապետի տեղեկացմամբ՝ շուրջ 240 հեկտար տարածք՝ վարելահողեր ու արոտվայրեր ադրբեջանական զինուժի հսկողության տակ են։
Հունիսին այստեղ էր վարչապետ Փաշինյանը Հայաստանի քարտեզի ուրվագծով ու Տավուշի սահմանազատված հատվածի՝ փշալարերով ցանկապատի լուսանկարով։ Փաշինյանը չհստակեցրեց՝ արդյոք սահմանազատման հաջորդ հասցեն Սյունիքն է, թե՝ ոչ, բայց ասաց՝ այսպիսի քաղաքակիրթ սահման պիտի գծվի՝ նաև Ներքին Հանդում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյանը սահմանազատման շարունակության մասին. Ո՞րն է հաջորդ հասցեն«Մեր տարածքներից դուրս կգա՞ն», - հարցնում ու չի հավատում գյուղացիներից Ռադիկ Բաղդասարյանը:
«Որտեղ էլ ճամփա չունեն, մեր ճամփեքից են օգտվում», - ասում է։ Գյուղում Բաղդասարյանը միակն է, որ անասուն է պահում, արոտավայրերից զրկվելուց հետո 70-ից ավելի խոշոր եղջերավորներ մորթվեցին։ Նա հիմա մի կով ու երկու երինջ ունի, տարածքում ցուլ էլ չկա, այսինքն՝ գլխաքանակն ավելացնելու հույս։
Լավ բաներ էլ կան, ասում են գյուղի բնակիչները, վերջին ամիսներին կրակոցներ չկան, գյուղ շինարարներ են մտել. - «Ճանապարհները ասֆալտ են անում, խմելու ջուրը բերում են»:
Գյուղի խմելու ջրի ակունքը ադրբեջանցիների հսկողության տակ է անցել, նոր ջրագծի կարիք կա։ Ներքին Հանդում ամենալավն իրենց զգում են մեղուները. կլիման բարենպաստ է, անվտանգության առումով էլ անխոցելի են: