Ապօրինի զենք կրելու չհաստատված կասկածանքով մեկ գիշեր մեկուսարանում անցկացրած ընդդիմադիր ակտիվիստն այսօր համախոհների հետ շտապել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ հարցնելու՝ ինչո՞ւ Անահիտ Մանասյանը չի այցելել ձերբակալված ընդդիմադիրներին։
«Հիշեցնելու, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անկախ գրասենյակ է, անկախ իշխանության բոլոր մարմիններից, չի ենթարկվում կառավարությունն ու հատկապես Նիկոլ Փաշինյանին, որ ինքը ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ծառայում է Հայաստանի Հանրապետությանն ու օժտված է իրավունքով՝ պաշտպանելու բոլոր այն քաղաքացիների իրավունքները, որոնք բռնաճնշումների են ենթարկվում կամ որոնց իրավունքները դիտավորյալ կամ ակամայից խախտվում են», - ասաց հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը:
Հովհաննես Ավետիսյանն այն 9 ընդդիմադիրներից է, որոնց օրերս ոստիկանությունը ձերբակալել էր ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Քննչականը մինչև 72 ժամ նրանց պահել էր մեկուսարանում ու վերջում եզրահանգել՝ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները ձերբակալության պահին իրենց մոտ կամ բնակարաններում զենք չեն ունեցել։
Քննչական կոմիտեից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ քրեական հետապնդում որևէ մեկի նկատմամբ չեն հարուցել, իսկ ազատ արձակելը նշանակում է, որ քննության այս փուլում նրանց ձերբակալման տակ պահելու անհրաժեշտություն չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 9 ընդդիմադիր ակտիվիստ՝ ճաղերից այն կողմԱնահիտ Մանասյանի հետ հանդիպում չկայացավ
Պաշտպանի հանդիպումն ընդդիմադիրների հետ այսօր այդպես էլ չկայացավ։ Խորհրդականը դռների մոտ փոխանցեց, որ Մանասյանը պատրաստ է ընդունել նրանց, բայց՝ առանց լրագրողների։
«Չի արգելում, պարզապես, եթե քննարկման թեմաներ կան, որոնք իրավունքներին վերաբերելի են, մենք պատրաստ ենք ընդունել երկու հոգու էլ, չորս հոգու էլ», - նշեց Արթուր Ասլանյանը:
Ակտիվիստները չհամաձայնեցին։ Պաշտպանի ներկայացուցիչը շեշտեց՝ Մանասյանն անտարբեր չէ, հանձնարարել է ուսումնասիրել ձերբակալությունները, դիմել են Գլխավոր դատախազություն՝ պարզաբանումներ ստանալու: Նաև հայտարարություն է տարածել։
«Անձին ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է իրավաչափ լինի, և ցանկացած մտահոգություն պետք է դառնա պատշաճ քննարկման առարկա», - ընդդիմադիրների ձերբակալություններից 3 օր անց ընդգծել է Անահիտ Մանասյանը։
«Տպավորություն է, որ նա հաշվետու է վարչապետին ու գործում է նրա թելադրանքի ներքո», - ասաց ընդդիմադիր ակտիվիստը:
Հովհաննես Ավետիսյանն, ի դեպ, պաշտպանին մտադիր էր պատմել նաև մեկուսարանների վատ պայմանների մասին. - «Երկու օր է՝ ասում ենք՝ օճառ բերեք, ասում են՝ հա, բայց չի լինում, անկողնային պարագաները՝ մաքուր սավան ու ծածկոց են տալիս, բայց այն, ինչի վրա, որ ենթադրվում է, որ դա պիտի քաշես, ահավոր շատ կեղտոտ»:
Փաստաբանի գնահատմամբ՝ սա վկայում է իշխանության ընդդիմախոսների դեմ պայքարի մասին
Ավետիսյանն ասաց՝ իրեն ու երկու ընկերներին բերման են ենթարկել հենց փողոցից, բայց որևէ ապօրինի իր չհայտնաբերելն անգամ չէր խանգարել տանել ոստիկանություն։ Ասաց, որ իրենք անգամ թռուցիկներ չունեին իրենց մոտ. - «Մեքենայի խուզարկությամբ և ընդհանրապես թռուցիկ չի հայտնաբերվել: Ես համոզմունք ունեմ, որ իմ ընդդիմադիր դիրքորոշումների հետ է կապված»:
Վերջին օրերին վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցները մայրաքաղաքի տարբեր հատվածներում ԱԺ նախագահի, գլխավոր դատախազի, ոստիկանապետի, այլ պաշտոնյաների ու վարչապետի տիկնոջ նկարներով քննադատական, երբեմն վիրավորական գրառումներով թռուցիկներ են տարածում։
«Գուցե խախտում չկա, որովհետև օրինակ՝ օպերատիվ տվյալն, այո, չպետք է բացահայտվի, բայց այն դեպքում, երբ որ այդ գործիքները գործադրվում են քաղաքական նպատակներով, սա արգելված է և ավելին՝ սրա համար պետք է լինի քրեական պատասխանատվություն՝ այն բոլոր մասնակից անձանց, հանրային ծառայողների, որոնք մասնակցել են այս գործընթացին՝ սկսած հրաման տվողից մինչև ամենաներքևում կատարողը», - ընդգծեց Ավետիսյանի փաստաբան Արսեն Բաբայանը:
Ավետիսյանի փաստաբանն ասում է՝ գուցե ձևականորեն օրենքը պահպանվում է, երբ իրավապահները հայտարարում են, որ օպերատիվ տվյալներ ունեն։ Բայց ձերբակալել են 9 ընդդիմադիրի, որոնց մոտ զենք չեն հայտնաբերել, մի մասի մոտ էլ միայն քաղաքական բովանդակությամբ թռուցիկներ են եղել։ Սա, փաստաբանի գնահատմամբ, վկայում է իշխանության ընդդիմախոսների դեմ պայքարի մասին։
Իշխանությունները հերքում են այս պնդումները։