Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա նախագահականի դիմաց


Չնայած նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ արդեն ստորագրել է հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման օրենքը, և հաղորդագրությունն արդեն հրապարակված է նախագահականի կայքում, այդուհանդերձ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր նախագահական նստավայրի դիմաց ակցիա իրականացրեց և բողոքեց նախագահի գործողություններից, դրանք որակեց ապօրինություն:

«Ուրեմն, ինչ է տեղի ունեցածը. մեր երկրում այս այսպես կոչված աշխատանքային կանոնակարգը անցնում է բոլոր ներպետական ընթացակարգերով՝ ընդհուպ Սահմանադրական դատարանով, Ազգային ժողով, նախագահ, իսկ Ադրբեջանում ստորագրում է միայն նախագահը: Սա նշանակում է, որ սա միջազգային պայմանագիր չի», - հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոսը՝ շարունակելով. - «Ավելորդ անգամ չասելու համար ստախոսության մասին, ակնհայտ է՝ գործընթացը ծայրից ծայր ակնհայտ ստախոսություն է»:

Գալստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բողոքի ակցիային և նաև արձագանքեց քննադատություններին, որոնք հնչում են այս օրերին այն համատեքստում, որ այս շարժման գործողություններն ուշացած են լինում, և այս դեպքում էլ այստեղ ակցիա իրականացվեց միայն այն ժամանակ, երբ արդեն կանոնակարգը նախագահի կողմից ստորագրված էր: Նրան հիշեցրեցին նաև Սահմանադրական դատարանի դիմաց իրենց ակցիան, որը ևս իրականացվեց, երբ ՍԴ-ն կանոնակարգի հետ կապված արդեն որոշում էր կայացրել:

«Մեր գործողությունները ճիշտ ժամանակին են, արձանագրումներ են, որոնք մեծ մասամբ նաև իրազեկման կարիք ունեն: Որովհետև, որովհետև... Եվ ով որ հուզված է այդ թեմայով, թող ինքը գործողություններ անի ավելի շուտ՝ ովքեր որ գիտեն էդ մասին, հուզված են, շատ տագնապած են, գործողությունները թող անեն իրենց կարողություններով ու իրենց ժամանակին: Մենք անում ենք այն, մենք անում ենք այն, ինչ որ ծրագրել ենք, անում ենք», - ասաց ընդդիմադիր շարժման առաջնորդը:

Գալստանյանն այսօր խոսեց նաև իրենց հետագա անելիքներից, այս անգամ էլ, ըստ էության, շատ մանրամասներ չհայտնեց, հստակություններ չմտցրեց: Ասաց, որ շարունակելու են գործել, հասնելու են իրենց նպատակին, բայց՝ առանց մանրամասների և առանց գործողությունների հստակ հերթականությունը ներկայացնելու:

Բագրատ արքեպիսկոպոսը նաև անդրադարձավ հերթական ընտրություններին մասնակցելու հեռանկարին, ըստ էության ասաց, որ այդպիսի ծրագրեր, մտադրություն չունեն. - «Մենք ո՛չ արտահերթ, ո՛չ հերթական ընտրությունների խնդիր չենք դրել մեր առջև»: «Ազատության» դիտարկմանը՝ «չեք մասնակցելու», նա արձագանքեց. - «Չէ, բնականաբար, չենք էլ հասնելու այնտեղ»: Հարցին էլ՝ «մինչև այդ հեռացնելո՞ւ եք Նիկոլ Փաշինյանին», պատասխանեց. - «Օրը կգա, բարին էլ հետը»:

Ակցիայի մասնակիցների կողմից Բաղրամյան պողոտան մեկ-երկու րոպե փակ պահվեց, ապա բացվեց:

Ցուցարարները թղթից պատրաստված «սահմանային սյուներ» էին բերել, որոնք տեղադրեցին Բաղրամյան 26-ի դիմաց: Նրանք նաև մեծ զարթուցիչներ էին պարզել իրենց գլխավերևում:

Թե շարժման առաջնորդը և նրա աջակիցներն առաջիկա օրերին ինչ ծրագրեր ունեն, և բողոքի միջոցառումներ լինելու են, թե՝ ոչ, հստակ չէ:

XS
SM
MD
LG