«Հյուսիսային տերևաթափ»-ի գործով վկան պնդեց՝ մեղադրյալն իրենից ռացիա է խնդրել, չի տվել

Դատարանում այսօր շարունակվեց «Հյուսիսային տերևաթափ» անունն ստացած քրեական գործի քննությունը, մեղադրյալները հինգն են։

Նրանք մեղադրվում են ահաբեկչության փորձ նախապատրաստելու մեջ, սակայն մեղքը չեն ընդունում։

Այսօր հարցաքննվեց առաջին վկան՝ Դավիթ Գրիգորյանը, որը հայտարարեց՝ այժմ պետական պատվերով պատրաստում է ԱԹՍ-ներ, հեռակառավարման սարքեր, ճանաչում է մեղադրյալներից միայն Սերգեյ Մկրտչյանին։ Գրիգորյանը պնդեց, թե Մկրտչյանն իրենից ռացիա է խնդրել, սակայն ինքը չի տվել։

Դատախազը հայտարարեց, որ նրա այս և նախաքննական ցուցմունքները միմյանց հակասում են։ Ապա դատարանում լսեցին նախաքննական փուլում տված ցուցմունքը։

Տեսագրությունը նայելուց հետո վկա Դավիթ Գրիգորյանն ասաց, որ որևէ հակասություն չկա, հիմա էլ պնդում է, որ Սերգեյ Մկրտչյանն իրենից որոշ բաներ է ուզել, բայց ինքը հրաժարվել է տալ՝ մտածելով, որ այդ սարքերը կարող են օգտագործվել ոչ թե հակառակորդի դեմ, այլ՝ այլ նպատակներով։

Ապա ելույթ ունեցավ մեղադրյալ Սերգեյ Մկրտչյանը, ըստ էության, ասաց, որ զենք է հարկավոր եղել, և ինքն «ում ասես դիմել է»։

Իրավապահները պնդում են, որ հինգ մեղադրյալները խմբի կազմում մտադիր էին ահաբեկչության փորձ նախապատրաստել, ինչը նրանց կամքից անկախ տեղի չի ունեցել, այն բացահայտվել է։

Զինվորական ինժեների՝ մեղադրյալ Աշոտ Մարգարյանի փաստաբան Սեդրակ Մկրտչյանն այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ նա և իր երկու ընկերներ, որոնք այս գործով մեղադրյալ են, մի ընկերություն են հիմնել՝ ԱԹՍ-ներ պատրաստելու և հետագայում Պաշտպանության նախարարությանը վաճառելու նպատակով. - «Աշոտ Մարգարյանը չի փորձարկել իր ԱԹՍ-ն, քանի որ իր ԱԹՍ-ն եղել է որպես մակետ, ինքը ցանկացել է ստեղծել։ Դրա համար հիմնել են իրենց ընկերությունը և փորձել են հովանավորներ գտնել»։

Հաջորդ դատական նիստը դեկտեմբերի 24-ին է։