Մատչելիության հղումներ

«Հյուսիսային տերևաթափ» ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքով 5 անձ կալանավորվել է


Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի
Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի

«Հյուսիսային տերևաթափ» անունով ահաբեկչության նախապատրաստության քրեական գործի նախաքննություն ավարտվել է, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Նշվում է, որ 2023-ի նոյեմբերի 1-ին ենթադրյալ հանցավոր խմբի հինգ անդամները ձերբակալվել և կալանավորվել են։ Նրանց անունները Քննչականը չի նշում՝ միայն փոխանցում է, որ հինգ մեղադրյալների մասն անջատվել է քրեական վարույթից և վերջիններիս վերաբերյալ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին:

2023-ի նոյեմբերին ԱԱԾ-ն ձայնագրություն էր հրապարակել, պնդել, որ ձայնը փոխած տղամարդիկ քննարկում են պայթուցիկը մեքենայի տակ հարմարեցնելու հնարավորությունը: Նրանք, ըստ իրավապահների, 2023 թվականին մտադիր էին կազմալուծել իշխանության գործունեությունը՝ նախապատրաստելով պայթյուն և հանրության համար վտանգավոր արարք։ Իշխանականները սա հեղաշրջման փորձ էին որակել։ Վարչապետ Փաշինյանի թիմակիցներն այս գործն անգամ համեմատել էին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ, երբ սպանվեց Հայաստանի քաղաքական ղեկավարությունը՝ խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և ևս վեց պաշտոնյա։

Կոմիտեն այսօր որոշ մանրամասներ է ներկայացրել՝ նշելով, որ մի խումբ անձինք 2023 թվականի մայիսին նպատակադրվել են իրականացնել անձի առողջությանը վնաս պատճառելու, կյանքից զրկելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուններ, հանրավտանգ այլ արարքներ, զավթել և պահել շինություններ, հաղորդակցության միջոցներ, այդ կերպ ահաբեկել բնակչությանը, դրա առանձին խմբերին, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը, հանրային իշխանության ներկայացուցիչներին, պետական և հանրային ծառայողներին հարկադրել կատարել իրենց պահանջները, այդ թվում՝ դադարեցնել լիազորությունների հետագա իրականացումը:

Ըստ հաղորդագրության՝ խմբի անդամները, իրենց մտադրությունն իրագործելու նպատակով փնտրել են առավելապես զինվորական ծառայություն անցած համախոհներ, ինչպես նաև՝ պայթուցիկ սարքեր, նյութեր պատրաստելու համար գիտելիքներ ունեցող անձանց, պլանավորել են ստեղծել խմբեր՝ տարբեր շինությունների, օբյեկտների վրա հարձակվելու համար: Որոշվել է հանրավտանգ գործողությունները մի քանի վայրերում կատարել միաժամանակ: Նրանք նաև ձեռք են բերել զինվորական համազգեստ, հանդերձանք, կապի միջոցներ, օպտիկական նշանոց, որսորդական դանակներ և ձեռնաշղթաներ, մշակվել և գրի է առնվել «Հյուսիսային տերևաթափ» վերտառությամբ հանրավտանգ գործողությունների հակիրճ ծրագիր, որը հայտնաբերվել է խմբի անդամներից մեկի հագուստի գրպանում:

Քննչականը նաև նշում է, որ հիշյալ անձինք ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու համար 2023-ի ամռանը հանդիպելով դեռևս անձը չպարզված օտարերկրյա քաղաքացու հետ՝ պայմանավորվածություն են ձեռք բերել վերջինիցս հրազենի և ռազմամթերքի որոշակի խմբաքանակ ձեռք բերելու շուրջ:

«Հանցավոր խումբը, իր կամքից անկախ հանգամանքներով, չի կարողացել իրագործել իր հանցավոր մտադրությունը, քանի որ բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից», - նշված է հաղոդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG