Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ «Հյուսիսային տերևաթափ». գործը դատարանում է, բայց այդ հարցին Դատախազությունը դեռ չի պատասխանել


Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի
Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի

Ինչո՞ւ «Հյուսիսային տերևաթափ». մեկ տարի առաջ հարուցված ահաբեկչության այս գործով մեղադրյալներից մեկի բաճկոնում Ազգային անվտանգության ծառայությունը մի գրություն է հայտնաբերել, վերնագիրը՝ «Հյուսիսային տերևաթափ», որտեղ գրված էր՝ «գրոհ, նահանջ, դարանակալում»։ Ըստ իրավապահների, այստեղ նկարագրված էր ահաբեկչության նախապատրաստումը։

Սակայն բաճկոնի տերը՝ կալանավորված Աշոտ Մարգարյանը, հարցաքննության ժամանակ պնդել է՝ իր գրպանի պարունակությունից տեղյակ չէ։

Մարգարյանը վարչապետի հրաժարականը պահանջող Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդած ուժի համակիրներից է։ Փաստաբան Սեդրակ Մկրտչյանը պատմեց, որ իր պաշտպանյալն այդ բաճկոնով մասնակցել է «Ազգային ժողովրդավարական բևեռի» ակցիաներին. - «Ինքը չի գրել, փորձաքննությունը տվել է, որ ինքը չի դա գրել: Բևեռի հավաքներին մասնակցել է, էդ բաճկոնը միշտ եղել է, եղել է, որ մի օր-երկու օր մնացել է իր բաճկոնն էնտեղ: Չէ, ինչ-որ մեկը դիտավորությամբ չի դրել, մենք ենթադրում ենք, որ էնտեղ որ հանել են, դրել են աթոռի վրա, ինչ-որ մեկը կարող էր հագած լիներ ցուրտ ժամանակ և թուղթը դրած լիներ գրպանը»:

Այս գործն արդեն դատարանում է՝ հասել են ապացույցները հետազոտելու փուլին, հինգ մարդ է մեղադրվում ահաբեկչություն նախապատրաստելու համար, հինգն էլ մեղքը չի ընդունում։ Ուղիղ մեկ տարի առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ խումբը ծրագրում էր կազմալուծել իշխանության գործունեությունը՝ նախապատրաստելով պայթյուն և հանրության համար վտանգավոր արարք։

Ենթադրյալ ահաբեկիչները, ըստ իրավապահների, պետք է զավթեին պետական նշանակության և այլ շինություններ, սպանեին քաղաքացիական անձի։ Թե ով էր թիրախում, իրավապահները մինչև հիմա չեն բացահայտում։ Մյուս ամբաստանյալ Վազգեն Ոսկանյանի փաստաբան Զորայր Հարությունյանն ասաց. - «Բացարձակ ոչ մի տեղեկություն դրա մասին չկա: Էդ ձևակերպումը մինչև հիմա մեղադրանքի մեջ կա, բայց որևէ փաստական տվյալ դրա տակ չկա դրած»:

Ազգային անվտանգության ծառայությունը նաև հրապարակել էր առգրավված իրերի տեսագրությունները՝ հրազեն, ռազմամթերք, զինվորական հագուստներ, ձեռնաշղթաներ, հեռահաղորդակցության, տեսահսկման սարքեր, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ։ Ըստ իրավապահների՝ հենց այս միջոցներով էին պատրաստվում ահաբեկչությանը:

Աշոտ Մարգարյանը, ում բաճկոնից այդ կասկածելի գրությունն էին հայտնաբերել, զինվորական ինժեներ է։ Մարգարյանն ու երկու ընկերները, որոնք նույնպես այդ գործով մեղադրյալ են, կալանավորումից ամիսներ առաջ մի ընկերություն են գրանցել, որ անօդաչու թռչող սարքեր ստեղծեն ու փորձեն վաճառել Պաշտպանության նախարարությանը։ Ճիշտ է, վաճառքի կոնկրետ պայմանավորվածություն չեն ունեցել, բայց, ըստ Մարգարյանի փաստաբանի, այս թեմայով Ռազմարդյունաբերության կոմիտեում քննարկման են մասնակցել։

«Նախագծեր է ունեցել՝ անօդաչու թռչող սարքերի պատրաստման վերաբերյալ, նախագծման և պատրաստման վերաբերյալ», - նշեց Սեդրակ Մկրտչյանը:

Մինչ փաստաբանները հավաստիացնում են, թե իրենց պաշտպանյալները չարամիտ նպատակներ չեն ունեցել, իրավապահներն ասում են՝ հիմնավոր ապացույցներ ունեն։ ԱԱԾ-ն իր տեսագրությունում ահաբեկչությունը պլանավորելու մասին ձայնագրություններ էր հրապարակել.

«Ես գիտեմ այ էս տարածքը շատ լավ, հոյակապ: Էս համալիրն ա, ու այ էս էրկու բլուրը տենո՞ւմ ես, տենում ե՞ս՝ ստեղ խաչմերուկ ա, այ ստեղ ոստիկանական պոստ ա: Եթե էս ըլնի, ինքը շատ լավ տեղ ա, ու համ էլ սենց թիրախավորում ա»:

Փաստաբան Զորայր Հարությունյանն ընդունում է, որ ձայնագրությունում ամբաստանյալներն են խոսում։ Ասում է՝ «Փեթակ»-ից են խաղալիք ինքնաթիռ գնել ու Ծիծեռնակաբերդի տարածքում այն փորձարկում էին հենց անօդաչու թռչող սարք նախագծելու համար։

«Էդ խաղալիք ինքնաթիռը տարել են Ծիծեռնակաբերդ ու փորձել են օդ բարձրացնեն, բարձրացրել են՝ չիմանալով, որ Ծիծեռնակաբերդը հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք: Բարձրացրել են, էնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանները դա նկատել են, մոտեցել են իրենց, իրենց բերման են ենթարկել Մալաթիայի բաժին, ինքնաթիռն էլ առգրավել են, մինչև հմա գտնվում է Մալաթիայի բաժնում», - ասաց Հարությունյանը:

Վազգեն Ոսկանյանը Որսորդմիության անդամ է, և հայտնաբերված հրազենն օրինական է, պնդում է նրա փաստաբանը։ Ասաց՝ պատերազմի ժամանակ տարբեր ռազմական, բժշկական իրեր է ուղարկել ռազմաճակատ, մի մասն էլ մնացել էր տանը, որն էլ հայտնաբերել են իրավապահները։

Այս մեղադրյալը ևս կապ է ունեցել Բևեռի հետ, փաստաբան Հարությունյանի խոսքով՝ նրանց դիզայներական ծառայություններ է մատուցել։ Այս գործի մասին հայտարարելուց հետո որպես վկա հարցաքննվել էր Բևեռի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, պատմել, որ ճանաչում է երկու մեղադրյալներին, ու հերքել իրենց կապը հանցագործության հետ։

Իսկ ի՞նչ էր նշանակում «Հյուսիսային տերևաթափ» բառակապակցությունը, արդյո՞ք «Հյուսիսը» Ռուսաստանն է. իշխանականների ակնարկներն անցած տարի այդ մասին էին, բայց Դատախազությունն այս հարցի պատասխանը մինչև հիմա չի հրապարակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG