«Չսանձվող տեսակ եմ». Հովիկ Աղազարյանը սպասում է դատախազին, Տարոն Մարգարյանը լուռ է

Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին ու ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը ամենայն հավանականությամբ կորոշեն միայն իշխանական պատգամավորները:

«Քաղաքացիական պայմանագրից» Ալխաս Ղազարյանն չթաքցրեց՝ մտադիր են բավարարել գլխավոր դատախազի երկու միջնորդությունները:

«Դե եթե կարիքը հասել է դրան, որ պետք է դատախազը գա Ազգային ժողով, բնականաբար, պետք է տալ», - ասաց Ղազարյանը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անցած շաբաթ երկու ծավալուն միջնորդություն է ուղարկել խորհրդարան, ակնկալում է պատգամավորների համաձայնությունը ստանալ, որ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին մեղադրանք առաջադրեն: Ըստ մամուլի՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ը ոչ հարցի քննարկմանը, ոչ էլ քվեարկությանը չի մասնակցի:

Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարճ փոխանցեց. - «Կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ»:

Եթե «Պատիվ ունեմ»-ը քննարկմանը չմասնակցի, ապա «Հայաստան» խմբակցությունը նույնպես Տարոն Մարգարյանի միջնորդության քննարկումը բաց կթողնի: Իսկ Հովիկ Աղազարյանի վերաբերյալ հնարավոր է՝ այլ որոշում կայացնեն, «Ազատությանն» ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Դեռ վերջնական որոշում չունենք, միգուցե և մասնակցենք այդ հարցով քննարկմանը», - նշեց Գրիգորյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Համոզված եմ՝ պետական գաղտնիքի հետ կապված ապացույց չկա, իրենք էլ չգիտեն՝ ինչ անել. Աղազարյանի փաստաբան

Ինքը՝ Հովիկ Աղազարյանը, գրեթե կասկած չունի՝ նախկին թիմակիցները կողմ կքվեարկեն իրեն անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը:

Ինքն էլ իր հերթին է պատրաստ այդ այցին, բացահայտումներ է խոստանում, կպատմի, թե ինչու իրավապահները իրեն հանգիստ չեն տալիս:

«Ինձ ենթարկում են քաղաքական ճնշումների, որ մանդատը վայր չդրեցին, և պարոն վարչապետն ու քաղաքական թիմը գտնում են, որ դա իշխանության հեղինակությանը հարված է: Երկրորդ պատճառը՝ որպեսզի իմ նախկին գործընկերներից ոմանց սանձահարեն», - նշեց Աղազարյանը:

Հովիկ Աղազարյանը, ինչպես ինքն իրեն նկարագրեց, չսանձվող տեսակ է, անգամ կալանքի հնարավոր հեռանկարն, ասում է՝ իրեն չի վախեցնում, դրան էլ է պատրաստ. - «Ես ինչ որ պիտի ասեմ, ասելու եմ, թեկուզ կալանքի վայրում էլ լինեմ, էլի ասելու եմ: Երազում եմ, որ այն անհանգստությունները, որ ունեմ, սխալված լինեմ, թեկուզ դրա համար մի 8 ամսի էլ կալանքի տակ լինեմ»:

Աղազարյանին առնչվող քրեական գործով կասկածներ կան, որ պատգամավորը խոշոր չափի կաշառքի դիմաց խոստացել է կազմակերպել մանր եղջերավորների արտահանումը առանց կարանտինի: Աղազարյանը պնդում է, թե ինքն անօրինական ոչինչ չի արել, պարզապես իրեն մանդատից զրկելու հարցը դեռ Նիկոլ Փաշինյանի օրակարգում է:

Ամիսներ առաջ, երբ Աղազարյանը մերժեց մանդատը վայր դնելու վարչապետի հորդորը, նրան թիմակիցները հեռացրին կուսակցությունից ու խմբակցությունից: Մեղադրեցին կուսակցական փակ նիստերից արտահոսքեր կազմակերպելու, այդպես նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը վնասելու համար: Քրեական գործ էլ հարուցվեց՝ ենթադրյալ պետական գաղտնիք հրապարակելու հոդվածով, բայց մինչ օրս այս գործով տեղաշարժ չկա:

Ըստ Աննա Գրիրգորյանի՝ եթե այլ ՔՊ-ականներ ևս հակադրվեն վարչապետին, ապա կհայտնվեն նույն իրավիճակում

«Եթե Հովիկ Աղազարյանը մանդատը դներ, գնար, կամ այլ իրավիճակում լիներ, շարունակեր լինել ՔՊ-անդամ երբևէ դատախազը չէր մտնի նման միջնորդությամբ: Այդ քրեական գործերը նոր չէին ձևավորվել, բայց երևան եկան, հրապարակային դարձան բացառապես այն բանից հետո, երբ Հովիկ Աղազարյանը հրաժարվեց մանդատը դնել ու դուրս գալ», - նշեց Աննա Գրիգորյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանի կարծիքով՝ եթե այլ ՔՊ-ականներ ևս հակադրվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա կհայտնվեն նույն իրավիճակում: Հիշեցնում է արդեն տևական ժամանակ քննվող քովիդի, ԱՆԻՖ-ում միլիոնավոր դոլարների չարաշահումների գործերը, որոնց վերաբերյալ նաև ՔՊ-ականների անուններ են շրջանառվում:

«Բազմաթիվ հրապարակումներ կան, որոնք առնվազն պետք է հիմք դառնային, որպեսզի Տիգրան Ավինյանը, մյուսները, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցրել, ներգրավվեին ինչ-որ կարգավիճակով, բայց ներգրավված չեն, ինչը նշանակում է՝ ամենաբարձր մակարդակով, Նիկոլ Փաշինյանի մակարդակով ծածկադմփոց է իրականացվում, հովանավորչություն է իրականացվում, որպեսզի այն մարդիկ, ովքեր դեռ իր անմիջական ազդեցության գոտում են, ոչ մի քրեական ու իրավական պատասխանատվություն չկրեն», - ասաց Գրիգորյանը:

Ի տարբերություն Հովիկ Աղազարյանի՝ լուռ է Տարոն Մարգարյանը: Նրան առնչվող քրեական գործը, որ վերաբերում է Երևանում մանկապարտեզների ու դպրոցների տարածքների ապօրինի օտարման դեպքերին, քաղաքական է համարում Հանրապետական կուսակցությունը: