Գերիներին չվերադարձնելու դեպքում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը COP29-ին մասնակցությունը ճիշտ չի համարում։
«Ես չեմ կարծում, որ նման քննարկման պարագայում, երբ կա հնարավորություն գերի վերադարձնելու, մենք պետք է հապաղենք և չգնանք նման քայլի, բայց կապրենք, կտեսնենք», - խորհրդարանում լրագրողներին ասաց նա՝ ի պատասխան հարցին, թե գերիների վերադարձը կնպաստի՞, որ Հայաստանն ընդունի COP29-ի հրավերը։
Իսկ հարցին, թե գերիներին չվերադարձնելու դեպքում մասնակցության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, ԱԺ նախագահը պատասխանեց. - «Չեմ կարծում՝ ճիշտ է»։
COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ, խորհրդարանում բյուջեի քննարկման շրջանակում օրերս հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
COP29 գագաթնաժողովը նոյեմբերի 11-22-ը կկայանա Բաքվում, որին Ադրբեջանը հրավիրել է նաև Հայաստանին:
Մամուլը գրում է, որ արտգործնախարարը հնարավոր է՝ Բաքու մեկնի պայմանով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ COP 29-ին Երևանի մասնակցությունը հաստատված չէ. Արարատ Միրզոյան