Ավարտվել է սահմանազատման առաջին փուլը, որը վերաբերում էր Տավուշի մարզի 4 գյուղերի համապատասխան հատվածներին, Հանրայինի եթերում հայտարարեց վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը՝ նշելով, որ սահմանագծի երկու կողմերում արդեն տեղակայվել են երկու երկրների սահմանապահ զորքերը։
Նրա փոխանցմամբ, մինչև հուլիսի 1-ը հանձնաժողովները պետք է մշակեն և կառավարություններին ներկայացնեն իրենց աշխատանքի կանոնակարգը, իսկ հաստատումից հետո արդեն կշարունակվեն այլ հատվածների սահմանազատման աշխատանքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 12.6 կմ սահմանազատված տարածք և 43 սյուն. մեկ ամսվա գործընթացըԸնդդիմադիրների պնդումները, թե սահամանզատման գործընթացը պարտադրվել է Հայաստանին, Ծառուկյանը տարածված մոլորություն, մանիպուլյացիա որակեց։
«Մենք գործ ունենք իրավիճակի հետ, որ սահմանազատման գլխավոր և առաջնային շահառուն Հայաստանի Հանրապետությունն է։ Սահմանազատում Հայաստանի Հանրապետությանը որևէ կողմ չի պարտադրել», - հայտարարեց Ծառուկյանը միևնույն ժամանակ արձանագրելով՝ Ադրբեջանը պնդել է, որպեսզի իրականացվի 4 գյուղերի վերադարձը Ադրբեջանին, իսկ սահմանազատումը, ըստ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրենի, Հայաստանի պնդման հիման վրա է եղել։
«Ադրբեջանը պնդում էր գյուղերի վերադարձ առանց որևէ սահմանազատման, առանց որևէ սահմանի հստակեցման, ուղղակի պնդում էին` վերադարձրեք գյուղերը և վերջ: Հայկական կողմի հակընդդեմ պնդումների արդյունքում մենք ունեցանք հենց այս սահմանազատման գործընթացը, որով հնարավոր եղավ հստակ սահմանել, սահմանազատել արդեն իսկ Խորհրդային միության փլուզման պահին գոյություն ունեցող և իրավական ուժ ունեցող սահմանագիծը և ըստ դրա Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելով՝ ունենալ այս հատվածներում պետական սահման։ Դրան զուգահեռ նոր ունենալ գյուղերի վերադարձ։ Այսինքն՝ սահմանազատում չի պարտադրվել, սահմանազատումը Հայաստանի պնդման հիման վրա է եղել», - նշեց Ծառուկյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը պահանջում է անհապաղ վերադարձնել Տավուշի չորս գյուղերը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման արդյունքում Ղազախի շրջանի 4 գյուղերը վերադարձվել են Ադրբեջանին․ ՄուստաֆաևԴիտարկմանը, թե Բաքուն նույնիսկ սպառնացել էր, որ 4 գյուղերը չվերադարձնելու պարագայում պատերազմ կսկի, Ծառուկյանն արձագանքեց՝ «հրապարակային խոսքում, հաղորդակցության մակարդակով, այո՛ եղել են նման ձևակերպումներ, Ադրբեջանն, այո՛, պնդել էր, որ պետք է այդ չորս գյուղերի վերադարձը տեղի ունենա»։
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մեծ հաջողություն» է որակել։ Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։
Ընդդիմությունը պնդում է՝ հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և դրանից բխող ցանկացած գործողություն ապօրինի է և քրեորեն պատժելի:
Նախքան սահմանազատման գործընթացը սկսելը պաշտոնական Բաքուն Երևանից պահանջել էր անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ թույլ չտալն է պատճառը, որ պետք է գնանք այս հատվածներում սահմանի ճշգրտման. Փաշինյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք». վարչապետ