Բլինքեն-Միրզոյան-Բայրամով նյույորքյան երեկվա հանդիպումից հետո կողմերը հայտնեցին, թե համաձայնել են հավելյալ ջանքեր ներդնել խաղաղության համաձայնագիրն ամենակարճ ժամկետներում կնքելու համար։ Կարճ հաղորդագրությունում, սակայն, ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի արտգործնախարարությունները չեն հստակեցնում՝ ինչ ջանքերի մասին է խոսքը։
Վաշինգտոնն էլ շատ մանրամասներ չի հաղորդում եռակողմ հանդիպման վերաբերյալ։
«Պետքարտուղար Բլինքենը գոհունակություն է հայտնել երկու նախարարներին այն առաջընթացի համար, որ Հայաստանը և Ադրբեջանը հասել են կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ և խրախուսել է երկու երկրների շարունակական առաջընթացը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար: Պետքարտուղարն ընդգծել է, որ համաձայնագիրը տարածաշրջանում կավելացնի կայունությունն ու բարգավաճումը», - հայտնել է Պետքարտուղարությունը։
Վերջին շրջանում Երևանն ու Բաքուն հայտարարում են, որ խաղաղության համաձայնագրի մոտ 80 տոկոսն արդեն համաձայնեցվել է։ Հայաստանն առաջարկում է փաստաթուղթը կնքել հենց համաձայնեցված 16 հոդվածով, ինչը Բաքուն հետևողականորեն մերժում է՝ ընդգծելով՝ եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն չկա. Երևանն առաջարկում է ստորագրել, Բաքուն՝ մերժումԵթե ՀՀ ՍԴ-ն որոշի, որ Խաղաղության պայմանագիրը հակասում է Մայր օրենքին, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն. Փաշինյան
Ամերիկյան միջնորդությամբ բանակցություններից մի քանի ժամ անց Հայաստանի վարչապետը նաև ՄԱԿ-ի ամբիոնից կրկնեց Երևանի առաջարկը։
«Խաղաղության համաձայնագրի ստորագրումն արդեն համաձայնեցված հոդվածներով զգալիորեն կհեշտացնի չհամաձայնեցված հարցերի լուծումը։ Խաղաղության համաձայնագրի նախագծի արդեն համաձայնեցված մասերը դրա համար գործիքներ են ստեղծում. դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվելիք դիվանագիտական հարաբերություններն են, իսկ երկրորդը՝ խաղաղության համաձայնագրի իրականացումը վերահսկող Հայաստան-Ադրբեջան համատեղ հանձնաժողովը», - նշել է Փաշինյանը։
Մինչդեռ Բաքուն մերժելով այս առաջարկը, շարունակում է Հայաստանից պահանջել փոխել երկրի մայր օրենքը՝ դա դարձնելով պայմանագրի ստորագրման նախապայման։ Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանի Սահմանադրությունում հիշատակված Անկախության հռչակագիրը տարածքային պահանջ է Ադրբեջանի նկատմամբ։ Հռչակագրում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը մասին է հիշատակված։
Հայաստանի վարչապետն իր հերթին շարունակում է պնդել՝ հենց Ադրբեջանի Սահմանադրությունում կա տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, բայց Երևանը դա նախապայման չի դարձնում։
«Բայց ուշադրություն դարձրեք. մենք Ադրբեջանի Սահմանադրությունը Խաղաղության պայմանագրի խոչընդոտ չենք համարում այն պարզ պատճառով, որ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում ունենք ձևակերպում, որ լուծում է խնդիրը և այդ ձևակերպումը հետևյալն է. «Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները՝ որպես հիմնավորում սույն Համաձայնագրի չկատարման համար», - հայտարարել է վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. Ադրբեջանի Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, բայց հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմաՓաշինյանն, ի դեպ, հայտնել է, որ եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագիրը հակասում է մայր օրենքին, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն։
«Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (թեև մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար», - նշել է վարչապետը:
Մինչ Ադրբեջանի նախագահը շարունակում է զգուշացնել Հայաստանին՝ քննադատելով Երևանի ռազմական գնումները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, թե պետք է կենտրոնանալ խաղաղության վրա։ Դա, ըստ Փաշինյանի, միակ ճշմարտությունն է, որը հասկանալի է երկու ժողովուրդներին։
«Այսօր չեմ ուզում որևէ նեգատիվ, անհանգստացնող, հոռետեսական ուղերձներ հղել ոչ թե այն պատճառով, որ դրանք չկան, այլ այն պատճառով, որ հայկական առածն ասում է. «լավ ասենք, որ լավ լինի», - ընդգծել է նա:
Փաշինյանի խոսքով՝ դրա համար պետք է աշխատել ու երբեմն ծանր որոշումներ կայացնել: