ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել Սիրիայում արագ զարգացող իրավիճակը։
Ըստ պետքարտուղարության՝ Բլինքենն ու Ֆիդանը շեշտել են Հալեպում դեէսկալացիայի, ինչպես նաև քաղաքացիական անձանց կյանքերի և ենթակառուցվածքների պաշտպանության անհրաժեշտությունը: Նրանք նաև քննարկել են Գազայում շարունակվող մարդասիրական ջանքերը և պատերազմին վերջ դնելու և բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը:
Anadolu գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը, նշում է, որ Ֆիդանը պետքարտուղարին ասել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա ահաբեկչական գործողություններ սիրիացի խաղաղ բնակչության դեմ՝ շեշտելով, որ Անկարան հանդես է գալիս Սիրիայում լարվածության նվազեցման օգտին։
Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են նաև իրավիճակն Ուկրաինայում և Հարավային Կովկասում։
Նոյեմբերի 28-ին հաղորդվեց, որ սիրիական ընդդիմությունը հարձակում է ձեռնարկել Հալեպի ուղղությամբ։ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման զինյալներն ընդամենը մի քանի ժամում կարողացել են 32 գյուղ գրավել՝ ընդհուպ մոտենալով Հալեպից ընդամենը 20 կիլոմետր հյուսիս գտնվող Նուբբուլ քաղաքին։ Միացյալ Նահանգները Հայաթ Թահրիր ալ-Շամն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել։
Երկու օր անց հաղորդվեց, որ իսլամիստական զինված խմբավորումները մտել են կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաք և գրավել դրա մեծ մասը։
Սիրիական բանակի երկու աղբյուր Reuters-ին հայտնել էին, որ ռուսական և սիրիական ռազմական ինքնաթիռները Հալեպի արվարձաններից մեկում հարվածներ են հասցրել ապստամբների դիրքերին: Ռուսաստանը հաստատել է տեղեկությունը։
Կատաղի այս մարտերում, ըստ տարբեր աղբյուրների, Սիրիայի բանակին աջակցում են 2015 թվականից երկրում տեղակայված Դամասկոսի դաշնակից Ռուսաստանի ուժերը` օդուժի, ծանր հրետանու և հրթիռների կիրառմամբ։
Անկարան աջակցում է ոչ թե Ասադի ռեժիմին, այլ դրան ընդդիմացող խմբավորումներին, որոնց օգնությամբ անցած տարիներին ռազմական ներկայություն է հաստատել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։ Թուրքիայի արտգործնախարարը, սակայն, հերքել է Թուրքիայի ներգրավվածությունն ապստամբների գործողություններին՝ պնդելով, որ Անկարան երբեք թույլ չի տա, որ Սիրիայում «ահաբեկչական կառույցը վերածվի պետության»։ Ֆիդանը Միացյալ Նահանգներին է մեղադրել տարածաշրջանում նման խմբավորումներին աջակցելու համար՝ պնդելով, որ նրանք երեք օր անգամ չեն կարող շարունակել իրենց գործողություններն առանց Վաշինգտոնի աջակցության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիան «կպաշտպանի իր կայունությունն ու տարածքային ամբողջականությունը ահաբեկիչներից». Ասադ