Ադրբեջանի արտգործնախարարն այսօր կրկին պնդել է՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, իրավական ակտերում և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերում հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։
«Այս հարցում Ադրբեջանի և Հայաստանի միջև զուգահեռներ անցկացնելու փորձերը հեռու են իրականությունից և անընդունելի են», - հայտարարել է Ջեյհուն Բայրամովը հունգարացի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ։
«Հայտնի փաստ է, որ այս հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացվել է։ Այդպիսի քննարկումների առկայությունը հայկական հասարակությունում վկայում է, որ հենց հայկական պետությունն ու հասարակությունն են ընդունում, որ այդ փաստերը վնասակար են իրենց համար», - նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանակցությունների օրակարգի մաս ո՛չ ՀՀ, ո՛չ Ադրբեջանի սահմանադրությունների փոփոխությունները չեն կազմում․ ՄիրզոյանԱրձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի երեկվա հայտարարությանը, թե «ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխության հարց» Երևանի ու Բաքվի միջև բանակցություններում չկա, Բայրամովն ասել է՝ «Ադրբեջանի Սահմանադրությունն ու մյուս օրենսդրական ակտերը Հայաստանի ու հարևան այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չեն ներկայացնում։ Այդ իսկ պատճառով զուգահեռներ անցկացնելու փորձերն այս հարցում անընդունելի են»։
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում»: Նախագահ Ալիևն էլ դա խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման էր համարել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի կնքման նախապայման է»«Հայերը պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը։ Ես դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ցանկանում եմ խառնվել այլ երկրի ներքին գործերին։ Ես դա ասում եմ, որովհետև Հայաստանի Սահմանադրության տեքստում հիշատակված է Անկախության հռչակագիրը, որում էլ, իր հերթին, գրված է, որ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ինչպե՞ս մենք կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, երբ նրանք Սահմանադրության մեջ նման հիշատակում ունեն։ Այնպես որ, երբ ես ասում եմ, որ նրանք պետք է փոխեն Սահմանադրությունը, ոչ թե որովհետև ես կոպիտ եմ և ամբարտավան, այլ որովհետև դա նախապայման է», - հայտարարել էր Իլհամ Ալիևը անցած ապրիլին։
Ադրբեջանի ղեկավարը միաժամանակ նշել էր՝ Հայաստանը նաև պետք է հրաժարվի ազգային խորհրդանիշներում Արարատ լեռը պատկերելուց։
«Այն պետք է փոխվի։ Նրանք Հայաստանում բազմաթիվ այլ լեռներ ունեն, թող դա պատկերեն», - ասել էր նա՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 բնապահպանական համաժողովին ընդառաջ կազմակերպված քննարկման ժամանակ։