Բայրամով․ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է»

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

«Չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների արձանագրված զգալի առաջընթացին, Հայաստանի մի շարք քաղաքական և իրավական ակտերում՝ մասնավորաբար Սահմանադրության տեքստում առկա դրույթները շարունակում են փաստաթղթի ստորագրման հիմնական խոչընդոտ հանդիսանալ», - այսօր Բաքվում, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Այսօր ավելի վաղ նույնատիպ հայտարարություն էր հնչեցրել նաև Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում Հաջիևը նշել էր, թե «խաղաղ պայմանագրի ստորագրման համար Հայաստանի Սահմանադրության տեքստում, հանրաքվեի միջոցով, պետք է փոփոխություններ կատարվեն»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի». ՀաջիևԲլինքենը կարևորել է կայուն խաղաղության հասնելը, Ալիևը՝ ներկայացրել Երևանի հետ պայմանագրի կնքման պայմաններըԲայրամովը Քըլըչին բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից ու «ռազմականացումից»

Օրերս Երևանում կայացած «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն կրկին պնդում է՝ հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել, քանի դեռ բոլոր կետերը համաձայնեցված չենՀայաստանն Ադրբեջանին առաջարկում է 16 հոդվածով խաղաղության պայմանագիր. ՓաշինյանԽաղաղության պայմանագրի 10-րդ խմբագրությունը ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը. Միրզոյան