Երևանը Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի տասներորդ խմբագրությունը, ինչը մեծ հաշվով ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը, այսօր Լյուքսեմբուրգի պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանը Ադրբեջանին փոխանցել է խաղաղության պայմանագրի նախագծի տասներորդ խմբագրությունը, նաև գաղտնիք չէ արդեն, որ այս խմբագրությունը մեծ հաշվով ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։ Սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր, և ըստ էության սպասում ենք Ադրբեջանի արձագանքին», - նշեց Միրզոյանը։
Նա հավելեց՝ Երևանը հավատացած է, որ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիրը։
«Տեքստի շուրջ ալևս անհամաձայնություն չունենք, այլ բան, որ երբեմն Ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ կամ այլ խնդիրներ է նաև փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթաց: Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ, րոպե առաջ արդեն կարող են համաձայնեցված տեքստը ստորագրել: Իհարկե, մի տեքստով, մի պայմանագրով բոլոր հարցերը հնարավոր չէ կարգավորել, մնացյալն արդեն կմնա հետագա բանակցություններին՝ կողմերի երկուստեք հետաքրքրության դեպքում», - նշեց Միրզոյանը:
Այս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Հայաստանն ադրբեջանական կողմին է փոխանցել պայմանագրի 10-րդ փաթեթը։ Բաքվից արձագանքել էին, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարևոր կետեր է դուրս թողել։
Ինչ վերաբերում է սահմանազատման հանձնաժողովների միջև ստորագրված պայմանագրին, Միրզոյանը նշեց՝ «այնտեղ ասվում է, որ հիմքն Ալմա Աթայի հռչակագիրն է և եթե այլ սկզբունք կամրագրվի խաղաղության պայմանագրում, ապա մենք կփոխենք համապատասխանաբար, այլ սկզբունք չի քննարկվում»:
«Ազատության» հարցին՝ քանի՞ հոդված կա խաղաղության համաձայնագրի նախագծում, արտգործնախարարը պատասխանեց. - «Հոդվածների մասով հավանաբար վարչապետը նաև նախաբանն է առանձին դիտարկել, բայց տեխնիկապես մենք հիմա ունենք 16 հոդված, որոնցից 13-ը ամբողջապես համաձայնեցված էին, 3-ը մասնակի համաձայնեցված հոդվածներից էինք»:
Ավելի վաղ վարչապետը տեղեկացրել էր, որ կողմերն ամբողջովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը։
Հարցին՝ «հիմա քննարկվում է հետագայում Սյունիքով Նախիջևանն Ադրբեջանին կապի մասով մասնավոր ընկերություններին վերահսկողության հնարավոր փոխանցումը, ինչպե՞ս է դա արվելու, ինչպիսի՞ն է Ադրբեջանի դիրքորոշումը», Միրզոյանն արձագանքեց. - «Որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի, չի քննարկվում: Մենք ասել ենք, որ Հայաստանի համար երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը բացառվում է, մեր համար դա անընդունելի է, խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է: Իրականում, որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով էլ ավելանա, մենք կարող ենք ներգրավել, և սա քննարկվելիք տարբերակներից մեկն է միայն, մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ, օրինակ, արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա, գնացքի մեջ կամ, կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին՝ խոսքը սրա մասին է»:
«Ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի, տվյալ դեպքում՝ երկաթուղու երկայնքով տեղակայվող ո՛չ պետական երրորդ կողմի, ո՛չ` մասնավոր, ներկայություն մեզ համար ընդունելի չի եղել և հիմա էլ չկա», - ընդգծեց Հայաստանի ԱԳ նախարարը: