Բայրամով. Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարևոր կետ է դուրս թողել

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարևոր կետեր է դուրս թողել, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ առանց փակագծեր բացելու:

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Բաքվի վերջին խմբագրումից 70 օր անց՝ վարչապետ Փաշինյանի ասուլիսից մի քանի ժամ առաջ է Հայաստանն ուղարկել իր կողմից խմբագրված տարբերակը։

«Մոտ 70 օր անց՝ վարչապետի ասուլիսից մի քանի ժամ առաջ, Հայաստանն իր տարբերակը փոխանցեց Ադրբեջանին։ Նրանց ներկայացրած տեքստի նախագծից դուրս են մնացել մի քանի կարևոր կետեր։ Համաձայնագրի նախագծում կարևոր կետերը ներառված չեն, և մեզ ասացին, որ սա է հարցի լուծումը։ Անցած պատմական հակամարտության համատեքստում համաձայնագիրը և դրա յուրաքանչյուր կետ շատ կարևոր են։ Մեր խորհուրդն է հայկական կողմին՝ ավելի լուրջ մոտենան այս հարցերին։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին», - հայտարարել է Բայրամովը:

Հայաստանի ԱԳ փոխնախարարը երեկ հայտնեց, որ պաշտոնական Երևանը Բաքվին է փոխանցել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը

Ադրբեջանի արտգործնախարարն այսօր կրկին պնդել է՝ Երևանն ինտենսիվ զինվում է, «Հայաստանի ռազմական բյուջեն աճել է մոտ 50 տոկոսով», ինչը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանը։

«Այս ոլորտում Հայաստանի վարած սխալ քաղաքականությունը և որոշ երկրների կողմից Հայաստանին հրահրող աջակցության տրամադրումը շարունակում են մնալ որպես սպառնալիք տարածաշրջանում։ Եթե Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է խաղաղ գործընթացով, ապա պետք է լրջորեն մտածի իր ձեռնարկած քայլերի մասին։ Եվ մենք այստեղ մեծ փոփոխություններ ենք ակնկալում», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը սերբ պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Թե կոնկրետ ինչ քայլեր է ակնկալում Բաքուն Երևանից, Բայրամովը չի հստակեցրել:

Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը հայկական կողմից հերթական անգամ պահանջել է «հրաժարվել հարևանների՝ նախ և առաջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»:

«Չարժե էներգիա վատնել դրան ինչ-որ արդարացում գտնելու համար: Անտեղի են և Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանադրությունների համեմատությունների փորձերը», - հայտարարել է Բայրամովը՝ պնդելով, թե Ադրբեջանի մայր օրենքում որևէ հարևան պետության՝ այդ թվում Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չկան:

Հայաստանի վարչապետը շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն հակադարձում է ՓաշինյանինԵրևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը. վարչապետԿոմունիկացիաները չեն բացվում նաև ՌԴ մի շարք գործընկերների մեկնաբանությունների պատճառով. Փաշինյան