Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Զելենսկի-Բայդեն հանդիպում Վաշինգտոնում, -ը սեպտեմբերի,թ․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը հեռախոսով քննարկել են Կիևին Վաշինգտոնի աջակցությունը, Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները և Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումը, X-ի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ գրեթե երեք տարի շարունակվող պատերազմում Ուկրաինային ԱՄՆ աջակցության համար։

Ուկրաինայի նախագահը նաև տեղեկացրել է, որ Բայդենի հետ քննարկել են Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների հարցը։

«Նա [Պուտինը] պետք է զգա պատերազմի գինը՝ զգալով դրա ուղղակի ազդեցությունն իր գրպաններին»,- գրել է Զելենսկին։

Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Բայդենն ընդգծել է Ուկրաինային աջակցելու կարևորությունն՝ ուկրաինացի ժողովուրդի արդար և կայուն խաղաղության համար։

«Հստակ է, որ Ուկրաինայի դեմ նախագահ Պուտինի պատերազմն աղետ էր Ռուսաստանի համար։ Ուկրաինացի ժողովրդի քաջության և վճռականության շնորհիվ, ինչպես նաև Միացյալ Նահանգների աջակցությամբ Ռուսաստանը չկարողացավ հասնել Ուկրաինայում իր ռազմավարական նպատակներին։ Երբ նախագահ Պուտինը սկսեց այս պատերազմը, նա կարծում էր, որ մի քանի օրվա ընթացքում կգրավի Կիևը, սակայն մոտ երեք տարի անց Կիևը դեռ ազատ է։ Ռուսաստանը ցանկանում էր ոչնչացնել ուկրաինացի ազգին, սակայն այսօր Ուկրաինան մնում է ազատ և կենսունակ։ Ռուսաստանը ցանկանում էր ջախջախել Ուկրաինայի բանակը, հիմա այդ բանակն ավելի ուժեղ է քան երբևէ, Ռուսաստանը ցանկանում էր կոտրել ՆԱՏՕ-ն, փոխարենը ՆԱՏՕ-ն այսօր ավելի մեծ է, ավելի ուժեղ և ավելի միասնական», - ասված է ամերիկյան կողմի հաղորդագրությունում։

Նախօրեին հաղորդվեց, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել «Սուրգուտնեֆտեգազ», «Գազպրոմ Նեֆտ» և Ռուսաստանից նավթային հանքավայրերի սպասարկման այլ ընկերությունների, դրանց թոփ մենեջերների, ինչպես նաև Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների դեմ։ Ցուցակում ընդհանուր առմամբ ընդգրկված է ավելի քան 30 ձեռնարկություն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին ասել է, որ անվտանգության երաշխիքները կգործեն միայն, եթե ԱՄՆ-ն դրանք տրամադրի
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ հեռացող վարչակազմը Կիևին հավելյալ 500 մլն դոլարի աջակցություն կտրամադրի