Մատչելիության հղումներ

ԱՄՆ հեռացող վարչակազմը Կիևին հավելյալ 500 մլն դոլարի աջակցություն կտրամադրի


Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, Ոկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը «Ռամշտայն» ավիաբազայում հանդիպման ժամանակ, 9-ը հունվարի, 2025թ.
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, Ոկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը «Ռամշտայն» ավիաբազայում հանդիպման ժամանակ, 9-ը հունվարի, 2025թ.

Մի քանի օրից հեռացող Միացյալ Նահանգների վարչակազմը Ուկրաինային հավելյալ 500 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի: Գերմանիայում գտնվող ՆԱՏՕ-ի «Ռամշտայն» ավիաբազայում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանն այսօր այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Լլոյդ Օսթինն ասել է՝ այս փաթեթը ներառում է լրացուցիչ հրթիռներ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար, ավելի շատ զինամթերք և այլ սարքավորումներ F-16 կործանիչների համար:

«Մենք չպետք է հանձնվենք: Փետրվարին կլրանա լայնամասշտաբ պատերազմի երրորդ տարին, և դրա հետևանքները շատ կարևոր են բոլորիս համար: Եթե Պուտինը կուլ տա Ուկրաինան, դրանից նրա ախորժակը միայն կմեծանա: Այդ ժամանակ մենք է՛լ ավելի մեծ բռնության ականատես կլինենք: Իսկ մենք հանձնառու ենք թույլ չտալ, որ դա տեղի ունենա», - հայտարարել է Օսթինը:

Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ ռուսական ագրեսիային Ուկրաինայի դիմադրությունը կարևոր է նաև այլ երկրների համար, քանի որ դա մարտահրավեր է բոլոր նրանց համար, ովքեր իրենց ազատ են համարում:

«Ուկրաինայի պայքարը բոլորիս է վերաբերում: Մենք բոլորս շահագրգռված ենք ապահովելու, որ ավտոկրատները չկարողանան իրենց կայսերական հավակնությունները վեր դասել ազատ և ինքնիշխան ժողովուրդների իրավունքներից: Ուկրաինան արդար պաշտպանական պատերազմ է վարում: Եվ սա այսօրվա ամենակարևոր հարցերից մեկն է», - ընդգծել է Պենտագոնի ղեկավարը:

Օսթինը նաև հիշեցրել է, որ պատերազմի սկզբից ի վեր Միացյալ Նահանգները և աջակից մյուս երկրները Ուկրաինային ավելի քան 122 մլրդ դոլարի աջակցություն են տրամադրել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դարձյալ առաջ է քաշել Ուկրաինայում օտարերկրյա զորախումբ տեղակայելու գաղափարը և առաջարկել ավելի համարձակ քայլերի գնալ:

«Եկեք ավելի գործնական լինենք՝ դա հնարավոր դարձնելու համար: Մենք Մեծ Բրիտանիայից ազդակներ ենք ստացել հօգուտ դրա: Մենք պետք է համարձակ լինենք և պետք է իսկապես ուժեղ գործիքներ առաջարկենք», - հայտարարել է Զելենսկին:

«Ռամշտայն» ավիաբազայում այսօրվա հանդիպումից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, իր հերթին, ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի, երբ սկսվեն հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, Կիևը լինի բանակցային հնարավորինս լավագույն դիրքերում:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ուկրաինան ունենա այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է վերապատրաստման, տեխնիկայի առումով՝ պայքարը երկարաձգելու և այս պայքարում հաղթանակ տանելու համար», - հայտարարել է Ռյուտեն:

Մինչ Արևմուտքը շարունակում է Ուկրաինային աջակցության խոստումներ տալ, Զելենսկին, ըստ տեղական լրատվամիջոցների, որոշել է նախագահական ընտրություններ անցկացնել այս տարի և երկրորդ անգամ առաջադրվել այս պաշտոնում, թեև նախկինում բազմիցս է խոսել պատերազմի ժամանակ ընտրությունների անցկացման անհնարինության մասին:

Ըստ Telegraf-ի՝ նրա գլխավոր մրցակից է համարվում երկրի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, այժմ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին:

XS
SM
MD
LG