Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է դրանց իսկությունը։ Դրանցից երկուսը, ըստ Ալիևի կառավարությունից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևի, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած այս փորձագետի պնդումներին, հայտարարեց. - «Քանի որ այս պահին բանակցություններն ընթանում են, ես ճիշտ չեմ համարում ամբողջությամբ բացել, թե ինչի շուրջ են ընթանում քննարկումները, բայց այո, ինչպես նշեցի, կան չհամաձայնեցված կետեր, և սրանց շուրջ պիտի շարունակվեն քննարկումները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն խաղաղության պայմանագրի իր տարբերակն ուղարկելուն զուգահեռ սպառնում է, Երևանը դեռ չի արձագանքում«Ազատության» հարցին՝ Հայաստանի համար ընդունելի՞ է պայմանագրի կնքման դեպքում ԵՄ դիտորդների դուրս բերումը, փոխարտգործնախարարը պատասխանեց. - «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը, քանի դեռ մենք ունենք չդելիմիտացված սահման Ադրբեջանի Հանրապետության հետ, քանի դեռ առկա են խնդիրներ, գտնում է, որ Եվրամիության դիտորդների ներգրավումը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կարևոր անվտանգային ու կայունության նշանակություն ունի»:
Անդրադառնալով դիվանագիտական վեճերի հետ կապված հարցին՝ նա արձագանքեց. - «Ընդհանուր գործընթացի ու ընդհանուր տրամաբանության մեջ պիտի նայել: Հայաստանի Հանրապետության համար կան նաև այս համաձայնագրից դուրս շատ կարևոր հարցեր, այդ թվում՝ հումանիտար հարցեր, որոնք հասցեագրման կարիք ունեն»:
Կոստանյանը վստահեցնում է՝ Սահմանադրության փոփոխության հարց բանակցվող փաստաթղթում չկա
Ըստ Շաֆիևի՝ չհամաձայնեցված երրորդ կետն էլ վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։ Փոխարտգործնախարար Կոստանյանը, մինչդեռ, վստահեցրեց նման կետ բանակցվող փաստաթղթում չկա։
«Հայաստանն Ադրբեջանի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին»,- հայտարարեց Կոստանյանը։
Մեկ-երկու հարց շարունակում է չհամաձայնեցված մնալ. ԱԳ փոխնախարար
Երկու օր առաջ Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի 11-րդ խմբագրումը, դրան ծանոթանալուց հետո էլ Արտգործնախարարության պաշտոնյան հայտարարեց՝ մեկ-երկու հարց շարունակում է չհամաձայնեցված մնալ։ «Կողմերը չունեն ընդհանուր դիրքորոշում տվյալ հարցերի շուրջ, և բնականաբար քննարկումները պաշտոնական Բաքվի հետ շարունակվելու են», - նշեց Կոստանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԳՆ-ը չի պատասխանում՝ Բաքվի հետ քննարկվո՞ւմ է Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը հետ կանչելու հարցը
Ադրբեջանի կառավարության հետ սերտ կապերով հայտնի փորձագետը նույն գրառման մեջ առաջ է քաշել նաև Հայաստանի ապառազմականացման հարցը: Հայաստանից երկու անգամ մեծ ռազմական բյուջե ունեցող Ադրբեջանից պաշտոնյաներն են նաև ժամանակ առ ժամանակ խոսում «Հայաստանի զինված ուժերի նկատմամբ սահմանափակում կիրառելու մասին»: Սեպտեմբերին, օրինակ, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էր նման կարծիք հայտնել։
Արդյոք Բաքուն խաղաղության պայմանագրում ներկայացրել է նման պահանջ, և եթե այդպիսի հարց դրվի, ինչպե՞ս կարձագանքի Երևանը. Հայաստանի փոխարտգործնախարարը պնդեց, թե նման կետ համաձայնագրում չկա՝ միևնույն ժամանակ հավելելով. - «Մենք էլ բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը զարգացնում է իր պաշտպանողական կարողությունները, և սա միջազգային իրավունքի նորմերին ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, ՀՀ-ն հարձակողական գործողություններ իրականացնելու որևէ ծրագիր չունի կապված իր որևէ հարևանի հետ»։
Երևանը պատրաստ է սեղմ ժամկետում պատասխանել խաղաղության պայմանագրի Բաքվի առաջարկներին
Չնայած Բաքվից հնչող պահանջներին՝ Երևանը պատրաստ է ակտիվացնել նաև դեմ առ դեմ բանակցությունները, բայց այս պահին այդպիսի պայմանավորվածություն, ըստ Կոստանյանի, չկա: Ընդ որում՝ հանդիպման հնարավորություն կարող էր լինել Բուդապեշտում այսօր անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, բայց Արդբեջանի նախագահը դրան չի էլ մասնակցում:
Այդուհանդերձ, Երևանից, ըստ փոխնախարարի, պատրաստ են սեղմ ժամկետում պատասխանել խաղաղության պայմանագրի Բաքվի առաջարկներին: Իսկ ինչո՞ւ Երևանը չպնդեց համաձայնեցված կետերով համաձայնագիր ստորագրելու իր գաղափարը, Վահան Կոստանյանն ընդգծեց. - «Մենք շարունակում ենք ընդհանուր բանակցային գործընթաց, որովհետև հետաքրքրված ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրմանը»։
Խաղաղության պայմանագրի բանակցություններին զուգահեռ ակտիվ են քննարկումները նաև տրանսպորտային հաղորդակցությունների բացման շուրջ: Այս հարցն օրերս քննարկել էին նաև սահմանազատման հանձնաժողովների համանախագները։ Հնարավո՞ր է մի երկկողմ հանձնաժողով էլ ապաշրջափակման համար ստեղծվի, Կոստանյանն ասաց՝ վաղ է այդ մասին խոսել։