Բաքուն խստորեն դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երեկվա հայտարարությունն՝ այն որակելով կողմնակալ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն այն համարել է «միջամտություն Ադրբեջանի դատական և իրավական գործընթացներին», որը «խեղաթյուրում է երկրում մարդու իրավունքների և ազատությունների իրավիճակը»։
«Ցավոք, Ադրբեջանի ներքին գործերին ԱՄՆ պետքարտուղարության միջամտության պատճառով վերջին 4 տարիները համարում ենք կորած ադրբեջանամերիկյան հարաբերությունների համար, որոնք հայտնի էին բարեկամությամբ և համագործակցությամբ», - հայտարարել է Հաջիզադեն՝ նշելով, թե Ադրբեջանում մարդու իրավունքների ներկա իրավիճակի վերաբերյալ «Բլինքենի երկակի ստանդարտների քաղաքականությունը կաթվածահար է արել ԱՄՆ-ի քաղաքականությունն ամբողջ Հարավային Կովկասում»։
«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները կվերականգնվեն»,- եզրափակել է ադրբեջանցի դիվանագետը։
Նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնը խիստը մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով՝ հորդորելով անհապաղ ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք գործիչների և լրագրողների։
Պետդեպն Ադրբեջանի իշխանություններին նաև հորդորել է հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները և կատարել ԵԱՀԿ -ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները։
2024-ի հունիսի տվյալներով՝ Ադրբեջանում 303 քաղբանտարկյալ կա: Ըստ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների՝ 2000-ականներից ի վեր առաջին անգամ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 300-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում մեկ օրում վեց լրագրող է ձերբակալվել