Երևանը ոչ միայն Եվրամիության դիտորդներին սահմանից հեռացնելու հարց չի քննարկում, այլև Բաքվի հետևողական դժգոհությունների ֆոնին խոսում է առաքելության երկարաձգման կարևորությունից։
ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել անցած տարվա փետրվարին՝ երկու տարով, այսինքն՝ չորս ամսից ժամկետը լրանում է։ «Ազատություն»-ը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող Սարգիս Խանդանյանին ուղիղ հարցրել է՝ առաքելության երկարաձգման հարց քննարկվե՞լ է։
«Քանի դեռ շարունակվում է առաքելությունը, քննարկումներ չկան, բայց տրամաբանական կլինի, որ առաքելությունը շարունակի իր գործունեությունը Հայաստանի տարածքում և որպես նաև, գիտե՞ք, տեղեկատվության վստահելի աղբյուր Եվրամիության համար», - ասաց Խանդանյանը:
Բաքուն Հայաստանում եվրոպացի դիտորդների հարցը դարձրել է նաև ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ քննարկման թեմա։
«ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում պայմանական սահմանին սրում է իրավիճակը», - Բաքվում հանդիպելով ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն Յանուշ Ադամչակին՝ հայտարարել է Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԵՄ առաքելության տեղակայումը ՀՀ տարածքում պայմանական սահմանին սրում է իրավիճակը»․ Ադրբեջանի ԳՇ պետՎերջին շրջանում Ադրբեջանը կրկին սկսել է շրջանառել «պայմանական սահման» եզրույթը՝ զուգահեռ կասկածի տակ դնելով Ալմաթիի հռչակագրով սահմանազատումը։
Արդյոք ԵՄ դիտորդներին սահմանից հեռացնելու հարցը Ադրբեջանը նաև խաղաղության պայմանագիր է հասցրել: «Ես նման պահանջի մասին տեղյակ չեմ, ես տեղյակ եմ հրապարակային հայտարարությունների մասին, որոնք անընդունելի են: Դա Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների և քննարկման հարց է, և տեղին չէ, որ երրորդ կողմերը փորձում են այդ հարաբերություններում որոշակի ազդեցություն ունենալ», - ընդգծեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
Ադրբեջանի դժգոհությունը ԵՄ առաքելությունից նոր չէ, բայց վերջին օրերին ավելի է հաճախակիացել։ Երկու օր առաջ ադրբեջանական պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Կալիբեր» լրատվամիջոցը հեռադիտակով պարեկություն իրականացնող եվրոպացի դիտորդների կադրեր էր հրապարակել ու պնդել, թե նրանք «հատուկ տեխնիկայի միջոցով հայաստանցի զինվորականների հետ լրտեսում են Ադրբեջանի տարածքը»։
Լրատվամիջոցը կասկածի տակ էր դրել դիտորդների անաչառությունը, թե իբր նախկինում աչք են փակել հայերի սադրանքների վրա, նաև պնդել՝ «կարծես թե նոր սադրանք է նախապատրաստվում»։ Ըստ հրապարակման, կադրերը Գորիսի ուղղությամբ են նկարահանվել։
Հայաստանում ԵՄ առաքելությունն անմիջապես արձագանքեց՝ անհիմն որակելով «կողմնակալության» և «սադրանքներ նախապատրաստելու»՝ ադրբեջանական մեղադրանքները։
«Մենք տարածքում կանոնավոր պարեկություն ենք իրականացնում՝ հետևելով մեր գործունեության ընթացակարգերին։ Պարեկության ընթացքում ոչ մի արտառոց բան չի գրանցվել», - «Ազատության»-ը հայտնել է առաքելության խոսնակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքներըԱռաքելությունը Հայաստանում 209 դիտորդ ունի։ Գործունեություն է իրականացնում 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից։
Ռուս սահմանապահների դուրս գալուց հետո եվրոպացիներն օգոստոսին նաև Սյունիքի Ներքին Հանդում պարեկություն արեցին։ Սա Հայաստանի տարածքում միակ վայրն էր, որտեղ եվրոպացի դիտորդները մուտք չունեին. այս մասին խոսել էին թե՛ առաքելության ղեկավարը, թե՛ Անվտանգության խորհրդի քարտուղարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եկան, շրջեցին, ում տեսան բարևեցին, գնացին». Ներքին Հանդի բնակիչները՝ գյուղ ԵՄ դիտորդների առաջին այցի մասինԱդրբեջանին զուգահեռ՝ եվրոպացիների ներկայությունից մեկուկես տարի է ակտիվորեն նաև Ռուսաստանն է բողոքում։
Ադրբեջանական հարձակումների ընթացքում ու հետո ՀԱՊԿ-ն ու Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանը չարձագանքեցին Հայաստանի օգնության դիմումներին, ինչից հետո Երևանը սկսեց խոսել անվտանգային դիվերսիֆիկացիայի մասին։ Այս ընթացքում Հայաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ ասել են՝ ԵՄ դիտորդների ներկայությունը սահմաններին կայունություն է բերել։
Դիտորդները պարեկություն են անում միմիայն Հայաստանի տարածքում, նրանց հաղորդումները հրապարակային չեն, արձանագրած-չարձանագրածի մասին միայն Բրյուսելն է տեղեկանում: