Մատչելիության հղումներ

Կանադան միացավ ՀՀ-ում ԵՄ առաքելությանը, առաջին փորձագետը ժամանել է Հայաստան


Կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկի
Կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկի

Կանադան միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը, տեղեկացնում է առաքելության X-ի էջը՝ նշելով, որ երեկ ընդունել են կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն։

«Շնորհակալություն Կանադա՝ արժեքավոր համագործակցության համար»,- ասված է առաքելության X-ի էջում։

Կանադայի առաքելությունն էլ X-ի իր էջում, ողջունել է այս փաստը․ - «Ուրախ ենք, որ կանադացի փորձագետը միանում է Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ շարունակելով ԵՄ առաքելություններին մասնակցելու Կանադայի երկարամյա ավանդույթը»։

Դեռ 2023-ի հուլիսին Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հայտարարել էր, որ Կանադան մասնակցելու է Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ նշելով, որ Կանադան ԵՄ-ի կողմից ընդունվել է որպես առաքելության երրորդ կողմ։

Պաշտոնական Երևանն էլ ողջունել էր՝ նշելով, որ բարձր է գնահատում Կանադայի ներդրումն ու ներկայությունը Հայաստանում՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության։

ԵՄ առաքելության նպատակն է նպաստել «Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, ստեղծել վստահություն և մարդկային անվտանգություն հակամարտությունների ազդեցության տակ գտնվող տարածքներում և ապահովել ԵՄ կողմից աջակցվող՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր»:

ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարից։ Այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։

Բաքուն բազմիցս քննադատել է առաքելությունը՝ նշելով, թե «առաքելությունն ակտիվորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք, իսկ Կանադայի անդամակցումը դե ֆակտո այն դարձնում է ՆԱՏՕ-ի առաքելություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG