Նիկոլ Փաշինյանի կառավարության հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը մեղադրում է ընդդիմությանը ժողովրդին մոլորեցնելու, իսկ Բագրատ սրբազանին անփորձության, սխալ գործելու ու մարդկանց հերթական անգամ հիասթափության տանելու համար։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի պնդմամբ՝ Բագրատ արքեպիսկոպոսն այդպես էլ չընդունեց իր հորդորը և նախկին ռեժիմներից, մասնավորապես Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից շարժումը չտարանջատեց։ Արեց հակառակը՝ գնաց ու Սերժ Սարգսյանի տանը հանդիպեց նրան։
«Սրբազանին, ելնելով անմեղության կանխավարկածից, չեմ կարծում, դա իր գաղափարն է եղել, բայց նրանք, ովքեր տարել են սրբազանին Սերժ Սարգսյանի տուն, նրանք, ըստ էության, շարժումը մատաղ են արել, զոհաբերել են Սերժ Սարգսյանին: Երբ որ սրբազանին ասում ենք՝ էս մարդկանցից դիստանցավորվի, լարի թող գնան, դատապարտի էս ռեժիմները, էդ 1000 մարդ բերում են էդտեղ ու կես միլիոն մարդ չի գալիս այդտեղ, ինքը անում է հակառակը: Իշխանության միակ գործիքը ձեր դեմ կիրառված այն է, որ դուք նախկիններն եք ու ուզում եք հետ գաք: Բացառված է, եթե ժողովրդին ասում ես՝ Նիկոլ Փաշինյանը գնա նախկինները գա, ասում են՝ ոչ», - նշեց Մարուքյանը:
Քննադատելով երրորդ նախագահ Սարգսյանին հանդիպելու սրբազանի քայլը, Էդմոն Մարուքյանը Youtube-ի իր էջում շարժման անդամներից բացատրություն էր պահանջում, թե ինչու Էր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում, որ շարժման ետևում Քոչարյանն ու Վեհափառն են կանգնած, բայց Սերժ Սարգսյանի անունը չէր տալիս։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հանրապետականն ամբողջությամբ սատարում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժմանը. Սերժ ՍարգսյանԸնդդիմադիր պատգամավորը կեղծ է որակում Մարուքյանի առաջ քաշած օրակարգը
«Գառնիկ ջան, կարո՞ղ է բացահայտես, թե ոնց եղավ, որ օրինակ՝ Սերժ Սարգսյանի անունը չի տալիս Նիկոլ Փաշինյանն այն դեպքում, որ Սերժ Սարգսյանը ձեր կողքերին ավելի շատ մարդ ուներ ներդրած, երևացող, քան Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ գործարք կա ձեր մեջ, ի՞նչ եք պայմանավորվել: Այդ ընթացքում Սերժ Սարգսյանն արդարացվում է դատարանում, այն դատարանում է արդարացվում, որը ձեր պնդմամբ, քաղբանտարկյալ է դարձրել Արմեն Աշոտյանին», - նշեց Մարուքյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ի պատասխան հիշեցնում է Մարուքյանին, հենց նա էր վերջերս Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանը, մտերիմ հարաբերություններ ունի վարչապետ հետ, հետևաբար անձամբ կարող է իրեն հուզող հարցը տալ նրան. - «Թող գնա նախկին շեֆին հարցնի, ասի՝ շեֆ ջան, դու խի չես նրա անունը տալիս, թող հարցնի»:
Ընդդիմադիր պատգամավորը կեղծ է որակում Մարուքյանի առաջ քաշած օրակարգը, թե նախկիների հետ խոսելն անթույլատրելի է։ Գառնիկ Դանիելյանն ընդգծում է՝ իրենք շարժումը սկսել են հաշտության օրակարգով, որը ենթադրում է հանդիպել և խոսել ցանկացած մարդու ու քաղաքական գործչի, այդ թվում՝ իշխող ՔՊ-ից դուրս եկողների հետ։
«Թշնամուդ հետ կարաս նստես խոսաս, քո հայրենակցի չե՞ս կարա նստես խոսաս, բայց անկեղծ ու ազնիվ լինես: Ինքն էլ պիտի անկեղծ ու ազնիվ լինի, ինքը փող ձեռքը դնի խղճին ասի՝ սերժ Սարգսյանի իշխանության օրոք խնդրանքներով դիմե՞լ է Սերժ Սարգսյանին, թե չի դիմել», - նշեց Դանիելյանը:
Բագրատ սրբազանն ու Հանրապետականը չեն արձագանքում Մարուքյանի մեղադրանքներին
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանի մեղադրանքներին շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հրաժարվեց արձագանքել։ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Մարուքյանի Youtube-ի ուղիղ եթերը չի տեսել, տեղյակ չէ, թե նա ինչ է խոսել, ինքն էլ եթերով որևէ մեկին չի պատասխանում։
«Եթե Էդմոն Մարուքյանը ուղիղ ասելիք ունի, թող գա ասի», - նշեց նա։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականից Մարուքյանին արձագանքելու որևէ իմաստ չեն տեսնում։
«Չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա Հանրապետականից արձագանքել ձեր նշած անձնավորության անհեթեթ գնահատականներին», - ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնի վերջերս լքած Մարուքյանը մինչդեռ մեղադրում է շարժմանն աջակցող խորհրդարանական ընդդիմադիր ուժերին՝ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացը առաջ չտանելու, իրական պայքարի այդ լծակը չօգտագործելու և դրա փոխարեն որևէ իրավական ուժ չունեցող ուղերձի նախագիծ խորհրդարան բերելու համար։ Իսկ Բագրատ սրբազանին՝ ժողովրդի հետ անկեղծ չլինելու և չասելու համար, որ ընդդմիությունը իմփիչմենթի գործընթացի համար 36 պատգամավորի ստորագրություն չունի։
Ի պատասխան ընդդիմությունից առաջարկում են Մարուքյանին իր իսկ շարժումը ստեղծել ու ինչպես նա է պնդում՝ նախկիններին մերժելով կես միլիոն մարդ դուրս բերել փողոց։
«Գնա քեզ համար շարժում ստեղծի, 500 հազար մարդ հավաքի, կողքը մի երկու մարդ էին, Անի Սամսոնյանը չկա, Դավիթ Խաժակյանն էլ լայք է դրել, որ Անի Սամսոնյանը հեռացել է, մենակ է մնացել, ընկել է Գառնիկի հետևից որ ինչ», - նշեց Գառնիկ Դանիելյանը:
Ի դեպ, նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը յութուբյան իր էջում երեկ հայտարարեց՝ այժմ ձևավորում է մի պլատֆորմ, մի նախաձեռնություն, որը մերժում է համագործակցությունը նախկինների ու ներկաների հետ։