Ազգային ժողովի մոտ անցած շաբաթ ոստիկանների ու ցուցարարների բախումներից հետո 12 քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգության ու խուլիգանության մեղադրանքներով։ Ութ մարդ կալանավորվել է, երկուսը տնային կալանքի տակ են, մեկի նկատմամբ կիրառվել է երկրից բացակայելու արգելքը։
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ Ռուբեն Մելիքյանը տնային կալանքի տակ գտնվող Տիգրան Սարիբեկյանի պաշտպանն է, ցուցարարների նկատմամբ հարուցված քրեական գործերը որակում է քաղաքական հետապնդում։ Պնդում է՝ այդ գործողություններով իշխանությունները փորձում են միջազգային հանրության աչքին արդարացնել ոստիկանների բռնությունները։
«Այս իշխանությունները պատասխան ունեն տալու թե՛ մեր քաղաքացիներին, թե՛ միջազգային հանրությանը, որովհետև էդ դաժանությունները ոստիկանության բոլորի աչքի առաջ են: Նրանք պետք է ինչ-որ դրան հակազդող բան ցույց տան և հիմա ցույց են տալիս, ասում են՝ «տեսեք, էսքան մարդ կալանավորել ենք», փորձում են ցույց տալ, որ ինչ-որ ծանր հանցագործություն է տեղի ունեցել, և ոստիկանները հերոսաբար պաշտպանել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելիքյանը:
Ըստ փաստաբան Մելիքյանի՝ հունիսի 12-ի դեպքերով տուժող ներգրավված ոստիկանների ցուցմունքներն արժանահավատ չեն. - «Մեկը ասում է՝ «մեջքս ցավաց, գնացի, ասեցին ամեն ինչ նորմալ է, գնացի տուն», բայց էդ մարդը տուժող է ճանաչվել: Մեկը ասեց՝ «դատարկ շիշը կպավ սաղավարտիս՝ գլխապտույտ ունեցա». դատարկ շիշը պլաստիկե որ կպնում է սաղավարտին՝ ի՞նչ գլխապտույտ: Ճնշող մեծամասնությունը հավատ չեն ներշնչում նրանց ցուցմունքները, որ նրանք իսկապես ինչ-որ վնասվածք են ստացել»:
Մելիքյանի տարեց պաշտպանյալի ականջն է վնասվել լուսաձայնային նռնակից, նրան մեղադրում են խուլիգանության համար: Ըստ պաշտպանի, երբ Տիգրան Սարիբեկյանը վնասվածք է ստացել, գետնից մի փայտի կտոր է վերցրել ու նետել ոստիկանների ուղղությամբ:
Առհասարակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած պայքարի ընթացքում, ըստ Քննչական կոմիտեի, մոտ հինգ տասնյակ քրեական գործեր են հարուցվել, 58 մարդու մեղադրանք է առաջադրվել։ 29-ը կալանավորվել են, 10-ի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, 14-ի նկատմամբ՝ երկրից բացակայելու արգելքը։ 6 գործ 16 մարդու վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ արդեն դատարանում է։
Քննչական կոմիտեն գործ է հարուցել նաև ընդդիմադիր շարժմանը մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու հոդվածով։ Քննչականը հիմնվել է սոցիալական ցանցերով տարածված ձայնագրությունների վրա, որտեղ քննարկումներ կան մասնակցությունն ապահովելու, մեքենաներ տրամադրելու ու, ըստ Քննչականի, մարդաքանակ ապահովելու համար հատկացվող գումարի մասին։
Այս գործով 10 հոգու մեղադրանք է առաջադրվել, որից 9-ը դաշնակցականներ են։ Երեք կալանավորվածներից մեկը Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանն է։ Ըստ քննչականի՝ Վարդանյանի մասնակցությամբ զրույցները եղել են Վայոց ձորի տարածքային կառույցների ներկայացուցիչների միջև մայիսի 26-ից հունիսի 6 ընկած հատվածում։
Գերասիմ Վարդանյանի պաշտպանն անհիմն է համարում կալանքի որոշումը։ Ձայնագրությամբ, որի հիման վրա մեղադրանք են առաջադրել, ըստ փաստաբան Բենիկ Սահակյանի, հստակ չէ՝ ինչ նպատակով է գումար փոխանցում Վարդանյանը. - «Ենթադրաբար Գերասիմ Վարդանյանը Վահե Դանիելյանին 15 հազար դրամ է տալիս, որովհետև ասում է՝ 15 հազարը կտաս Սուրիկին, էս 15 հազարն էլ, ասում է, պահի քո ձեռը: Ձայնագրությունով առնվազն ո՛չ արարքն է նույնացվում, ո՛չ, կոպիտ ասած, գումարի տրամադրման թե՛ պատճաը, թե՛ նպատակը»:
«Գործի ելքով չշահագրգռված կողմնակի դիտորդի մոտ առնվազն նույնիսկ հիմնավոր կասկած իր մոտ, որոշակի կասկած չի կարող լինել, որ էս խոսակցությունը տեղի է ունենում կոնկրետ անձանց նյութապես շահագրգռելու մասով՝ ինչ-որ հավաքին մասնակցելու», - նշեց Սահակյանը:
Եթե անհիմն է համարում կալանավորելու որոշումը, այդ դեպքում ի՞նչն է դրդել իրավապահներին ՀՅԴ ԳՄ անդամին ազատությունից զրկել։ Պաշտպանը քաղաքական գնահատականներից խուսափեց ու հիշեցրեց իր պաշտպանյալի խոսքերը. - «Հայտնել է, որ իր մոտ համոզմունք է առկա, որ իր նկատմամբ իրականացվում է հերթական քաղաքական հետապնդումը»:
Քննչականը հերքում է քաղաքական հետապնդումների մասին պնդումները, փոխանցում, որ իրականացնում է օրենքով սահմանված իր գործառույթները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱԺ-ի մոտ հավաքի 12 մասնակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել ենԳերասիմ Վարդանյանը և ևս մեկ անձ կալանավորվել են Ոստիկանական գործողությունների ժամանակ վնասվածք ստացած քաղաքացիներն ու լրագրողները դեռ տուժող չեն ճանաչվել