«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության բողոքի ակցիաներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու վարույթով կալանավորվել է դաշնակցական Գերասիմ Վարդանյանը և ևս մեկ անձ՝ Վայոց Ձորի բնակիչ Վ.Դ.-ն։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Նրանք ավելի վաղ ձերբակալվել էին։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշումներով բավարարվել են, նշում է կոմիտեն։
Գերասիմ Վարդանյանը քրեական գործը շինծու է որակել։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 10 անձի, որոնցից 3-ը կալանավորվել է, 3-ի նկատմամաբ կիրառվել է տնային կալանքը: Մյուս 4 մեղադրյալների նկատմամբ, ըստ հաղորդագրության, որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է։
- Ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցելու համար քաղաքացիներին գումարով շահագրգռելու կասկածանքով ավելի քան մեկ տասնյակ դաշնակցական էր ձերբակալվել։ ՀՅԴ-ն սա քաղաքական հետապնդում է որակել։
- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած ակցիաներին փողով մարդ բերելու վերտառությամբ Քննչական կոմիտեն շաբաթ օրը 3 տարբեր ձայնագրություն էր հրապարակել։ «Ակցիաներին մարդաքանակի ապահովման համար գումարներ հատկացնելու մասին» վերնագրով ձայնագրության մեջ, ըստ Քննչական կոմիտեի, դաշնակցական Գերասիմ Վարդանյանի ձայնն է լսվում։ Իրավապահների պնդմամբ՝ նա ինչ-որ տղամարդու հանձնարարում է ցույցերին մասնակցելու համար 5-ից 15 հազար դրամ տալ ոմն Սուրիկի ու տարբեր անձանց։