«Ազատություն» ռ/կ լրագրող Ալսու Կուրմաշևան պետք է ազատ արձակվի, ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Նա շեշտել է, որ լրագրողը, որին երեկ Ռուսաստանի դատարանը 6.5 տարվա ազատազրկման դատապարտեց, ենթարկվում է ռուսական իշխանությունների հարձակմանը՝ ճշմարտությունն ասելու անզիջում հանձնառության և սկզբունքային գործունեության համար։
«Լրագրությունը հանցագործություն չէ, ինչպես մենք բազմիցս ենք ասել. նա պետք է ազատ արձակվի»,- շեշտել է Միլլերը։
Այսօր ավելի ուշ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ արեց Ռուսաստանին ազատ արձակել լրագրողին։
- Կուրմաշևան կալանքի տակ է ավելի քան 8 ամիս, մեղադրվում է որպես «օտարերկրյա գործակալ չգրանցվելու», բանակի մասին «կեղծիքներ տարածելու» համար։
- Լրագրողը հերքում է իրեն վերագրվող մեղադրանքը։
- Կազանում դատավճիռը կայացվել է ուրբաթ օրը, նույն օրը, երբ Ռուսաստանի Եկատերինբուրգի դատարանը լրտեսության մեջ մեղադրվող Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին դատապարտեց 16 տարվա ազատազրկման։ WSJ-ը հերքել է իր լրագրողի հասցեին մեղադրանքները։
- «Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսը դատապարտել է Կուրմաշևայի դեմ դատավարությունը, դատապարտումը որակել «արդարության ծաղր»՝ ընդգծելով, որ միակ արդարությունը կլինի այն, որ նա ազատ արձակվի բանտից։