Ավելի քան մեկ ամիս առաջ Արաբո Փիլոյանի 5 հեկտար այգին կարկուտից այնպես է տուժել, որ ծառերին չվնասված բերք չի մնացել: Մինչև այսօր, ասաց, դեռ ոչ մի մասնագետ չի մտել այգի, որ վնասի չափը գնահատի։
Փիլոյանները շուրջ 6 մլն դրամի ներդրում էին արել, բայց 70 տոննա բերքի հույսը երազանք մնաց: Հիմա ծառերը թափ են տալիս, գետնին ընկած վնասված ծիրանը հավաքում ու 1 կիլոգրամը 40 դրամով վաճառում. - «2 օր տվեցինք 60 դրամով, 50 դրամով, հետո իջացրին 40 դրամ»:
Վարկը, ոռոգման ջրի գումարը, բանվորների աշխատավարձն ու շատ այլ ծախսեր այսօր չի կարողանում վճարել: Հարցնում է՝ մինչև ե՞րբ պետք է վնասը հաշվեն. - «Ծառի վրա ծիրանը պրծել ա, դեղձն ա հասնում, իրանք էս ամսից ավելի ա ի՞նչն են հաշվում»:
Էկոնոմիկայի փախնախարար Արման Խոջոյանն արձագանքում է՝ վնասի գնահատումը մեկ օրվա գործ չէ, մասնագետը տարբեր ժամանակաշրջանում է այցելում ու գնահատումներ անում, որ վերջում եզրակացություն կազմի: Միայն, թե Արաբո Փիլոյանի այգի դեռ գնահատող չի մտել, ինչպես ինքն է պնդում:
Թեև հայտնի է, որ դեռ մեկ ամիս առաջ ու դրանից հետո էլ տեղացած անձրևից ու կարկուտից հիմնականում Արարատի ու Արմավիրի մարզերն էին տուժել, չհաշված ջրհեղեղից տուժած Լոռին ու Տավուշը, այդուհանդերձ վնասի փոխհատուցումից առայժմ նորություն չկա:
«Իմ գործընկերները դեռ մարզերից հավաքագրում են տեղեկատվությունը, մի քանի մարզից մենք արդեն ունենք ամբողջացված տվյալներ, բայց Հանրապետության մակարդակով դեռ վաղ է դրա մասին խոսել», - ասաց Արամ Խոջոյանը:
Կարկուտից տուժած խաղողի ու ծիրանի այգետերերը նաև դժգոհ էին, թե ինչու են ապահովագրության ցանկից հենց այդ մրգերը դուրս մնացել։ Փոխնախարարը կրկնեց այն ինչ վարչապետը՝ միջազգային ապահովագրողներն են հրաժարվել ապահովագրել տեղական ապահովագրական ընկերությունների վնասները, իսկ տեղականներն ինքնուրույն չեն կարող այդ բեռը վերցնել: Պատճառն, ըստ փոխնախարարի, կլիմայի գլոբալ փոփոխություններն են, դրա հետևանքով աճող վնասներն ու նաև այս ոլորտում Հայաստանում եղած բացերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե ոչ ծիրանն ու խաղողը, ապա ի՞նչն է ապահովագրվում. կառավարության որոշումը՝ մտահոգությունների առիթՆախորդ տարի՝ ավելի քան 11 հազար հեկտար հողատարածք է ապահովագրվել, իսկ ապահովագրավճարը կազմել է շուրջ 1 միլիարդ 8 մլն դրամ: Այս գումարի զգալի մասը սուբսիդավորել է կառավարությունը: Փոխնախարարն ասում է՝ վնասն ավելի շատ է եղել քան հավաքած ապահովագրավճարը:
«Քանի որ վերաապահովագրող ընկերությունն ուշ էր հայտնել դրա մասին, կառավարությունը վերաապահովագրողի ֆունկցիան, ըստ էության, վերցրեց իր վրա, ասաց, եթե վնասը հավաքագրված ապահովագրավճարի 70 տոկոսից ավելի կլինի, այդ ավել մասով 80 տոկոսը ես կփոխհատուցեմ ապահովագրական ընկերություններին», - նշեց Խոջոյանը:
Այս փետրվարին, երբ պետք է մեկնարկեր ապահովագրության ծրագիրը, միջազգային ապահովագրողից ստացել են ծրագիրը դադարեցնելու լուրը։ Խաղողն ու ծիրանն էլ մեկ տարով հանել են ցանկից, որովհետև գիտական մեթոդով հաշվել են, որ կարկուտի ու ցրտահարության ռիսկը մեծ չէ։
«Քանի որ արդեն այդ սեզոնում տեղացել էին և՛ կարկուտներ, և՛ ցրտահարություններ և արդեն կային շատ վնասված դեպքեր, դժվար էր այդ գործընթացն իրականացնել ու մեծ ռիսկ էր իրենից պարունակում, այդ պատճառով դուրս մնացին ցանկից: Դա է նշանակում, թե մեթոդաբանություն, ժամկետ իրենից ինչ է ներկայացնում: Ոնց որ արդեն վթարված ավտոմեքենան հետո գնաս ապահովագրես, դա մի քիչ դժվար է, որ հետո դու կարող ես նախապես ունենաս վթարը, հետո ապահովագրես՝ հույս ունենալով, որ այդ ծախսը կփոխհատուցվի», - նշեց փոխնախարարը:
Հայ-թուրքական սահմանին հեկտարներով այգի մշակող Արաբո Փիլոյանը պնդում է՝ փոխհատուցում նախկինում էլ չի ստացել, թեև ապահովագրավճարներ մուծել է։
«600 հազարից վերև գումար եմ տվել իրենց 2 տարի առաջ, ցրտահարություն եղավ, ուղղակի երակի նման ա եղել մի դաշտը լավ բռնել էր, էն մի դաշտը երակի նման խփած էր, իրանք էլ ինձ ասացին՝ էն մեկն էնքան լավ ա բռնած, որ էս նրա տեղը հանում ա, ի՞նչ կապ ունի, որ իմ այգիները շատ են, ինձ դատարանով ասացին՝ գործերը լրիվ կտանք դատարան, ես էլ տարա տվեցի էդ փողն ու էդ վախտվանից էլ ապահովագրություն չկա», - ընդգծեց Փիլոյանը:
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 10 հազար 190 հեկտար ծիրանի այգիներ կան, սա ընդհանուր պտղատու այգիների շուրջ 22 տոկոսն է, խաղողի այգիները 15 հազար 574 հեկտար են, սա էլ ընդհանուրի 33 տոկոսն է կազմում: Համաձայն վիճակագրության՝ նախորդ տարի Հայաստանից 1116 տոննայով ավելի քիչ խաղող է արտահանվել, քան 2022-ին, 10 հազար 844 տոննայով էլ նվազել է ծիրանի արտահանումը։