Մատչելիության հղումներ

Կարկուտից 10 օր անց դեռ չեն եկել ու վնասը հաշվել, էլ գան, ինչը՞ տեսնեն. այգետերեր


Հեկտարներով խաղողի ու ծիրանի այգիներ մշակող արարատցիները մտահոգ են՝ բերքը տապալած հորդառատ անձրևից ու կարկուտից տասն օր անց դեռ որևէ պաշտոնյա իրենց այգիներով չի անցել, վնասը չի հաշվել: «Ազատության» հետ զրույցում ասացին՝ միայն հեռախոսով են ճշտումներ արել։

«Ոչ մեկն էլ չի եկել, ոչ մի բան էլ չեն ասում, մենակ գյուղապետարանն է հարցրել՝ քանի հեկտար, ասել եմ՝ 5.5 հեկտար է, 80-90 տոկոս վնաս կա», - ասում է բնակիչներից մեկը, շարունակելով, - «Պիտի մասնագետը գա, պտտվի, տեսնի՝ որտեղ ինչքան, որ տոկոսի չափը հանի»։

Արարատի մարզի Ամասիա համայնքում իր 7 հեկտարանոց խաղողի այգում գետնին թափված ճյուղերն է ցույց տալիս ու նեղսրտում Սոխակ Հովհաննիսյանը՝ մեջքը կոտրած խաղողի վազն էլ ի՞նչ բերք պետք է տա, որ կարողանա դա վաճառել, վարկերը մուծել, այգին ոտքի կանգնեցնելու համար եռակի ծախս անել ու ընտանիքի տարրական հոգսերը հոգալ։

Կարկուտն ու անձրևը թևաթափ են արել նաև Թուրքիայի սահմանին 6 հեկտար այգի հիմնած Փիլոյաններին։ Ընտանիքի ավագ որդին՝ Արաբո Փիլոյանն ասում է՝ կարկուտն իր հետքն է թողել ոչ միայն ծիրանի, այլև ընտանիքի բյուջեի վրա։

«Իսկապես որ կարկուտը ծեծած տեղն է ծեծում»,- ասում են Արարատի մարզում ծիրան ու խաղող աճեցնող «Ազատության» զրուցակիցները, հիշեցնելով, որ կառավարությունն ապահովագրման ցանկից հենց խաղողն ու ծիրանն էլ հանել է: Եթե նախկինում կարող էին ապահովագրական ընկերություններին ամսական վճարել, հետո վնասի փոխհատուցում ստանալ, ապա հիմա այդ հնարավորությունն էլ չունեն:

«Քմահաճ գնորդի խաղող չենք ունենա մենք, ոնց որ ասած՝ կունենանք գյուղացու խաղող, եղածն էլ թանկ կլինի», - նշեց տեղացիներից մյուսը։

Ապահովագրությունից բացի, կառավարությունն էլ իր հերթին է գյուղացիներին վնասի փոխհատուցում տալիս, եթե դա պատշաճ ներկայացվում է: Հովհաննիսյաններն ու Փիլոյաններն ասում են՝ տասն օր անց է՛լ ի՞նչ վնաս պետք է այգում արձանագրեն:

«10 օր անցել է, հիմա մի 10 օր էլ կանցնի, էդ վերքերն էլ կբուժվեն, մենք հո դատարկ չենք մնում՝ բուժում ենք, մշակում ենք... 32 տարվա փորձը ցույց է տվել, որ իրենք միշտ գալիս են կարկուտից մի 20 օր հետո միայն, եթե, իհարկե, գալիս են», - ասում են այգետերերը, - «Որ էդ թափած բերքը 10 օր հետո արդեն հողի մեջ գնա, կորի, իրենք գան, ինչը՞ պիտի տեսնեն, հաշվարկեն, վնասը մոտակա 3 օրվա մեջ պիտի գային իրենք»։

Փոխհատուցումն Էկոնոմիկայի նախարարությունը պետք է բաշխի։ Բայց մինչև այդ համայնքները պետք է հաշվեն վնասները, ներկայացնեն մարզպետարաններ, ևս մի քանի գերատեսչություն անցնելուց հետո վերջնական փաթեթը փոխանցելով Էկոնոմիկայի նախարարությանը։ Այստեղից «Ազատության»-ն ասացին՝ հանձնաժողովները շարունակում են հավաքագրել այդ տվյալները. դեռ ամփոփ պատկեր նախարարությունը չի ստացել։

Մինչ պաշտոնյաները հաշվում են, «Ազատության» զրուցակիցներն ուշի ուշով ու մեծ անհանգստությամբ հետևում են, որ իրենց այգիներից մի քանի քայլ այն կողմ տեղադրված կարկտակայանները գոնե ա՛յս անգամ չլռեն, կրակեն ու ցրեն կուտակված ամպերը: Երեկ երկինքը պայթեցրած կայծակից հետո խաղողագործ Արաբոն տեսախցիկով է ֆիքսել՝ ամպերը կուտակված են մնացել, անձրևը հորդացել է, իսկ կարկտակայանը՝ լռել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG