Հայաստանի այցեքարտ համարվող խաղողն ու ծիրանն, ըստ Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի, գյուղատնտեսության առաջատար ճյուղերից ամենազգայունն են: Եթե վատ եղանակի հետևանքով իրենց վճարած գումարներից ապահովագրական ընկերություները գոնե կատարած ծախսերը փոխհատուցում էին, այս տարի դա չի լինի. կառավարությունը խաղողն ու ծիրանը հանել է ապահովագրական ցանկից։
«Պատկերացրեք, Աստված չանի, եկավ, սաղ ոչնչացրեց, լավ էս ծառը կա, ծառի նաև այս տարվա պահպանումը, մշակումը ու մեր ընդհանուր սոցիալական վիճակը, ինչո՞վ պիտի ապրենք, բա եթե ծիրանն ու խաղողը չի ապահովագրվում, ի՞նչն է ապահովագրվում, մի հարյուր հեկտար ցորե՞ն կամ եգիպտացորե՞ն», - ասում է Արտակ Սարգսյանը։
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ նախորդ տարի ապահովագրվել է ավելի քան 11 հազար հեկտար հողատարածք, իսկ ապահովագրավճարը կազմել է շուրջ 1 միլիարդ 8 մլն դրամ: Այս գումարի զգալի մասը սուբսիդավորել է կառավարությունը: 2019-ից ներդրված համակարգով կառավարությունը փորձել է աջակցել գյուղացուն ու շահագրգռել թե տեղական ապահովագրողներին, թե միջազգային վերաապահովագրողներին։ Վարչապետն ասում է՝ վերաապահովագրողներն են որոշել դադարեցնել գործունեությունը:
«Այդ ապահովագրող ընկերությունները այդ ապահովագրությունները վաճառել են, որի գնի կեսը վճարել է կառավարությունը, մյուս կեսը՝ գյուղացիները, ապահովագրող ընկերությունն, իր հերթին, իր ռիսկերը գնահատելով՝ գնացել է, վերաապահովագրողից է ապահովագրություն ստացել։ Ինքը գյուղացիների փողերը տվել է, հետո գնացել է, վերաապահովագրողին ասել է՝ դե, դու էլ իմ փողերը տուր։ Մի տարի, երկու տարի, երրորդ տարում ասել է՝ մի րոպե, մի բան այն չի, որովետև ամբողջ աշխարհում վերաապահովագրություն կա, ոչ մի տեղ սենց բան չկա, ոնց որ մի բան էն չի Հայաստանում, ես հրաժարվում եմ, գնացեք, ուրիշ տեղ վերաապահովագրեք։ Դրսում է պրոբլեմ առաջացել, ոչ թե ներսում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ողջ կյանքը խաղող ու ծիրան աճեցնող Արտակ Սարգսյանը մտահոգված է՝ անգամ մեկ տարով կասեցումը մեծ հարված կհասցնի իրենց. - «Մեկ հեկտարի կտրվածքով, մեկ հեկտար խաղողի այգին մինչև բերքահավաքը ներառյալ մենք ներդրում ենք կատարում միլիոն 500-ից մինչև միլիոն 700 հազար դրամ։ Եթե մենք դա ապահովագրում ենք, նշանակում է՝ մենք կարողանում ենք մեզ ապահովված զգալ, գոնե այն ներդրումը, որ մենք արել ենք, ակնկալիքով, որ հավելյալ շահույթ ստանանք, ապրենք, գոնե դա վերադարձվում է։ Ապահովագրության իմաստը դա է, իսկ եթե այսօր ապահովագրության ցանցից հանում են խաղողը, պատկերացրեք՝ ինչ է կատարվելու՝ ինքնարժեքը՝ բարձր, գնվող գինը, առաջարկվող գինը՝ ինքնարժեքից ցածր և ինքնարժեքով, էլ սրանից ռիսկային ոլորտ հանրապետության գյուղատնտեսության մեջ ո՞րն է, որ պիտի մոտեցում չցուցաբերվի կառավարության կողմից»։
Հացահատիկային մշակաբույսերն էլ միայն երաշտից կապահովագրվեն, բայց ոչ կարկուտից։
«Մենք տեղեկություններ ունեինք, որ մարդիկ գիտեն՝ որտեղ է ամեն տարի կարկուտ գալիս, գնում էին, այնտեղ ցորեն էին ցանում, որ ապահովագրություն ստանային», - նշեց վարչապետը։
«Ծիրանն արդեն այս տարի արտահանման լուրջ խնդիր կունենա, Ուզբեկստանն արդեն Հայաստանից մի քանի անգամ ցածր գնով է ծիրանը ռուսական շուկա հասցնում»,- ասում է գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը, որը ևս անգամ մեկ տարով խաղողն ու ծիրանը չապահովագրելը համարում է վտանգավոր:
«Գյուղացին չի կարող նախապես կանխորոշել՝ որտեղ է հնարավոր կարկուտ լինի, որ ինքը տանի, կարկուտի գոտում ցանի ցորեն, հետո կարկուտը խփի, ամբողջությամբ բերքը ոչնչացնի, ինքը պետությունից ստանա իր ծախսերը, փակի վարկը և դրանով ապրի զրոյական և երջանիկ կյանքով։ Եթե գյուղացու հողակտորը ինչ-որ տարածքում է, որ տեսնի, մտածի կարկուտն ուրիշ տեղ, կարո՞ղ է գնա, ուրիշի հողակտրում ցանի, որ կարկուտը խփի՞, ինքը մշտական նույն տեղում է ցանում, չէ՞», - ասաց Մնացականյանը։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ խոստովանում է. - «Մենք հնարավոր է՝ որոշ բաներ ճիշտ չենք հաշվել, ռիսկերի հաշվարկն ու հատուցումները այս համակարգի երկարաժամկետ կայունության ամենակարևոր հարցերից մեկն են»։
Կառավարութունից ասում են՝ ամեն ինչ անելու են, որ խաղողն ու ծիրանը մյուս տարի կրկին ապահովագրվի: Իսկ մինչ այդ ի՞նչ անել, հարցնում են գյուղացիները, որ հեկտարներով խաղող ու ծիրան են մշակել և գարնան կեսին միայն տեղեկացել, որ կառավարությունը 180 աստիճանով փոխել է քաղաքականությունը՝ ողջ ռիսկը թողնելով իրենց ուսերին։