«Ընդդիմադիրներից ազատվելու հերթական փորձն է». ավագանու երեք անդամ զրկվեց մանդատից

Երևանի ավագանու իշխող թիմն ու նրանց սատարող ուժերը ընդդիմադիր երեք անդամի՝ Գրիգոր Երիցյանին, Անուշ Խուդավերդյանին ու Անուշ Գինոսյանին այսօր զրկեցին մանդատներից։

Գրիգոր Երիցյանը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի առաջնորդած ուժի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարն է։ Իշխող թիմից Մարատ Թոխյանը հիմնավորում էր, թե բացակայությունների պատճառով են հեռացնում։ Ըստ որոշման՝ Երիցյանը «բացակայել է իրավական հանձնաժողովի 7 նիստերից 6-ից, իսկ Երևան քաղաքի ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 4-ից»: Այս ձևակերպմամբ ստացվում էր, որ ավագանու նիստերից էլ է բացակայել, իսկ Երիցյանը ապացուցում էր, որ ավագանու բոլոր նիստերին մասնակցել է։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս պնդումն ամբողջությամբ կեղծ է ու չի համապատասխանում իրականությանը: Այս հանգամանքն այս որոշման նախագիծը դարձնում է առոչինչ», - ասաց Երիցյանը:

Իշխանականները բացատրում էին. - «Այստեղ գրված է՝ ավագանու 5-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում հինգ նիստերից, միգուցե, որ գրված չի Իրավական հանձնաժողովի նիստը, թույլ է տալիս ձեզ այդ մանիպուլյացիան կատարել»:

Ավագանու նիստերից չի բացակայել, հանձնաժողովի նիստերից է բացակայել, խոստովանում է Երիցյանը, բայց սա նա համարում է քաղաքական բոյկոտ, որն, ըստ նրա, մանդատից զրկելու հիմք չէ։

Իշխանությանը սատարող «Հանրապետություն» կուսակցության անդամ, իրավաբան Արտակ Զեյնալյանն էլ նկատեց, որ մանդատից զրկելու որոշման նախագծում ձևակերպումները խնդրահարույց են:

«Տեղեկանք հիմնավորումների ձևակերպումների հետ կապված խնդիր կա, կարծում եմ, կարելի էր ձևակերպումները հարմարեցնել ճշգրիտ փաստերին», - ասաց Զեյնալյանը:

Գրիգոր Երիցյանը և մյուս երկու ընդդիմադիրները մտադիր են այսօրվա որոշումը վիճարկել դատարանում

Ձևակերպումը չփոխեցին, բանավոր բացատրեցին՝ ինչ են նկատի ունեցել ու Տիգրան Ավինյանը քվեարկության դրեց հարցը:

Անուշ Գինոսյանին ու Անուշ Խուդավերդյանին մանդատից զրկելու նախաձեռնությունը «Հանրային ձայն» խմբակցությանն էր, որն այսօր ունի երկու անդամ։ Նրանք էլ նախկինում այս խմբակցությունից էին և իրենց թիմակիցների հետ տարաձայնությունների պատճառով լքեցին թիմը։

Խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը նախկին թիմակիցներին մանդատից զրկելու որոշումը նաև այսպես էր բացատրում. - «Անում ենք մեր գործը, մաքրում ենք մեր ցուցակը, որ հետևից գան մարդիկ, ովքեր կաշխատեն, որովհետև շատ դժվար է երկուսով աշխատելը»:

Ընդդիմադիրները մտադիր են հոկտեմբերին քաղաքապետին անվստահություն հայտնել։ Մանդատից զրկվածները հայտարարում են, թե իշխանությունը իրենց հեռացնում է նաև այս պատճառով, որ այս նախաձեռնության կողմնակիցները պակասեն։

Ավագանու նիստը պարբերաբար թեժանում էր քաղաքական գնահատականներով ու մեղադրանքներով։ Տիգրան Ավինյանի ելույթի ժամանակ Հայկ Մարությանի թիմակիցները լքեցին դահլիճը։ Ութ ամիս առաջ Մարությանին էլ մանդատից զրկեցին նիստերից բացակայելու հիմքով։ Նրա թիմակից Գրիգոր Երիցյանը և մյուս երկու ընդդիմադիրները մտադիր են այսօրվա որոշումը վիճարկել դատարանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մենք սա այսպես չենք թողնելու». Երևանի ավագանու օրակարգում է ընդդիմադիր երեք անդամի հեռացման հարցը