Երևանի ավագանին այսօրվա նիստում մանդատներից զրկեց նաև «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամներ Անուշ Գինոսյանին ու Անուշ Խուդավերդյանին։
Խմբակցության նախկին անդամներին մանդատից զրկելու նախաձեռնությունը հենց «Հանրային ձայն»-ինն է։ Խմբակցությանը պատճառաբանում է, թե ընդդիմադիրները բացակայել են ավագանու ու հանձնաժողովների նիստերից։
«Հանրային ձայն»-ն ավագանի ընտրվեց որպես ընդդիմություն, իսկ այժմ ժամանակ առ ժամանակ սատարում է իշխանությանը։ Խուդավերդյանն ու Գինոսյանն ամիսներ առաջ լքեցին թիմն ու դրանից հետո չեն մասնակցել հանձնաժողովների նիստերին՝ պնդելով, որ իրենց զրկել են կարծիքի ու քվեարկելու իրավունքից։
Այսօր մանդատից զրկված ավագանու անդամները «Հանրային ձայն»-ի իրենց նախկին թիմակիցներին մեղադրում են քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ համագործակցելու ու իրենց ճնշելու համար և կարծում են, որ իրենց մանդատից զրկում են ընդդիմադիր հայացքների պատճառով։
Ավելի վաղ խմբակցությունից ասել էին, թե «ցուցակն են մաքրում, որ հետևից մարդիկ գան ու աշխատեն»։
Այսօր ավագանին մանդատից զրկել է նաև ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին՝ կրկին ավագանու ու հանձնաժողովների նիստերից բացակայելու պատճառաբանությամբ։
Երիցյանը սա հակաօրինական է համարում՝ պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են տեսնում։