Աստանայում հանդիպում են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները։
Բանակցությունների մեկնարկին Իլհամ Ալիևը հայտարարել է՝ գոհ է դաշնակից Մոսկվայի հետ ռազմավարական համագործակցության արդյունքներից։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է երկու երկրների տնտեսությունների միջև ակտիվ փոխգործակցությունը և ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների աճը։
«Առևտրաշրջանառության աճն ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի ցույց է տալիս, որ մեր երկրների տնտեսություններն ակտիվորեն փոխգործակցում են, և ուրախալի է, որ աճում են նաև փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նաև հայտարարել է, որ մտադիր է ռուս գործընկերների հետ քննարկել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հարցը, որի շուրջ երկու երկրների առաջնորդները բանակցություններ էին վարել նաև այս տարվա ապրիլին։
«Դրանից հետո դրական իրադարձություններ են տեղի ունեցել, կխոսենք այդ մասին։ Մենք որոշել ենք ընդլայնել միջանցքային ենթակառուցվածքը ադրբեջանական տարածքում»,- ասել է Ադրբեջանի նախագահն՝ առանց հավելյալ մանրամասների։
Իլհամ Ալիևն ընդգծել է նաև, որ գոհ է Մոսկվայի հետ ռազմավարական համագործակցության արդյունքներից։
«Մենք արդեն երկու տարուց ավելի է աշխատում ենք որպես դաշնակիցներ և ցուցադրում ենք լավ արդյունքներ։ Այսօր այս մասին մանրամասն կխոսենք», - հավելել է Ալիևը։
Պուտինն ու Ալիևը Աստանայում են Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Ռուսաստանի նախագահն այսօր կհանդիպի նաև Թուրքիայի նախագահի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ու Էրդողանը Աստանայում կքննարկեն Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը ժամանել է Աստանա, երկկողմ հանդիպումներ կունենա նաև Էրդողանի, Ալիևի հետ