Վկայի հարցաքննություն, միջնորդության դռնփակ քննություն։ Այսօր Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստը դռնփակ էր, քանի որ նա չէր ցանկացել հրապարակային դարձնել իր առողջական վիճակին վերաբերող միջնորդությունը։
Ավելի քան մեկ տարի բանտում անցկացնելուց հետո այժմ տնային կալանքում գտնվող ընդդիմադիր գործիչը լրագրողների հետ կարճ զրույցում քննադատեց Հանրային հետուստաընկերությանը, վարչապետի ելույթը ՄԱԿ-ում, հիշեց Ալլա Պուգաչովայի երգերը, խոսեց Անահիտ աստվածուհու մասին, բայց ոչ իր քրեական գործից։
«Գործը չեմ ուզում մեկնաբանեմ, ոչ, որպեսզի ավելորդ խնդիրներ չառաջացնենք, թե իբր ես ճնշում եմ գործում», - ասաց Աշոտյանը:
«Էն կարմիր գիծը, որ քաշած է, կարմիր գծից ոչ թե մի սանտիմետր հեռու մնար, այլ մի փոքր ավելի շատ հեռու մնալ՝ դա մեր խորհուրդն է եղել մեր պաշտպանյալին», - նշեց Աշոտյանի փաստաբաններից Ռուբեն Մելիքյանը:
Փաստաբանը պարզաբանեց, որ այս փուլում իրենց պաշտպանյալը կփորձի խուսափել հնարավոր վտանգներից։
Փողերի լվացման, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորություններն անցնելը կազմակերպելու մեջ մեղադրվող Հանրապետական կուսակցության 49-ամյա փոխնախագահը մեղադրանքը չի ընդունում, ավելին՝ այն քաղաքական հետապնդում է համարում իշխանությանը կոշտ քննադատելու համար։ Մի պնդում, որ իշխանությունը կտրականապես հերքում է։
Ընդդիմադիր քաղաքական գործիչը ոստիկանի ուղեկցությամբ դեպի մեքենան շարժվելիս հասցրեց քննադատել իշխանությանը։ Առիթը վարչապետի ելույթն էր ՄԱԿ-ի ամբիոնից։ Փաշինյանն այդ օրը խոսել էր պոզիտիվ խոսույթ ձևավորելու և ոչ թե հարևան երկրներին մեղադրելու կարևորության մասին, իր «Ապագա կա» նախընտրական կարգախոսը հորդորել էր գործածել նաև գլոբալ առումով։ Ընդդիմադիրները վարչապետին քննադատեցին, թե Հայաստանի անվտանգային, տեղահանված արցախցիների խնդիրների մասին Փաշինյանն այդ օրը չխոսեց:
«Ալլա Պուգաչովան երգ ուներ, հիշում ե՞ք՝ "Нас бьют, мы летаем", Նիկոլը ռեմիքս արեց՝ "Нас бьют, мы болтаем", այ սենց մոտավորապես վիճակ էր՝ պետական, քարոզչական, քաղաքական, դիվանագիտական սնանկության տոտալ իրավիճակ», - հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետք է սկսել լավ խոսքերից, առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը. վարչապետը՝ ՄԱԿ ԳԱ Ապագայի գագաթնաժողովումՏնային կալաքում գտնվող Աշոտյանը Հայաստանում ընթացող վերջին իրադարձություններից կարևորեց Պատմության թանգարանում Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլխի ու ձեռքի ժամանակավոր ցուցադրությունը։ Ավելի քան տասը տարի առաջ կրթության նախարար Աշոտյանն էր նախաձեռնություն սկսել, որ հեթանոսական դիցուհուն հայրենիք բերեն: Ափսոսաց, որ աստվածուհուն տեսնել չի կարող:
«Շատ ուրախ եմ, որ վերադարձել է, սարկազմը մի կողմ: Ափսոս չեմ կարող գնալ, տեսնում եք», - այսօր ասաց ՀՀԿ փոխնախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանն արդեն Հայաստանում է25 միլիոն դրամ գրավի դիմաց բանտից տուն տեղափոխված Արմեն Աշոտյանին արգելված է մերձավոր ազգականներից բացի կապ ունենալ որևէ մեկի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Աշոտյանը դուրս եկավ բանտից