Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործերը քննող Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեց․ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը:
Այս վարույթը նախարար Գրիգոր Մինասյանը հարուցել էր անցած տարվա օգոստոսին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո:
«Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է», - հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Դատավորն, ըստ նախարարության, խախտել է դատավարական իրավունքի նորմերը, մասնավորապես, թույլ է տվել Դավիթ Տոնոյանին խորհրդարան ներկայանալ առանց ձեռնաշղթաների, նաև սահմանել է բանտ վերադառնալու ժամկետ, որից նախկին նախարարն օգտվել է և տեսակցել մորը:
ԲԴԽ-ն, քննելով միջնորդությունը, եզրակացրեց՝ դատավորը, ձևակերպելով Դավիթ Տոնոյանի՝ Ազգային ժողով մեկնելու և 44-օրյա քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու պահանջները, չի արել այնպիսի գործողություններ, որոնք խորհուրդը կգնահատեր որպես դատավարական նորմերի խախտում:
«Ավելին՝ դատավորի որոշմամբ, կարճատև մեկնում տրամադրելիս դրա նպատակի համար ողջամիտ ժամկետ սահմանելը, ինչպես նաև ուղեկցումն առանց ձեռնաշղթայի իրականացնելու մասին նշումը չի հակասել միջնորդության մեջ նկարագրված վերաբերելի իրավակարգավորումների էությանը», - ասաց Անդրեասյանը։
Խորհրդի գնահատմամբ՝ դատավոր Դոլմազյանի արարքը որևէ կերպ չէր կարող և չի վարկաբեկել դատական իշխանությունը, ինչպես նաև չի նվազեցրել դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը:
Իսկ թե ինչ մեխանիզմներով է Կարեն Անդրեասյանի ղեկավարած կառույցը որոշում, թե որ դեպքում են դատավորների որոշումները փոխում հանրային ընկալումը դատական իշխանության նկատմամբ, այնքան էլ հստակ չէ: Օրինակ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած ու նույն խորհրդի որոշմամբ, պաշտոնանկ արված դատավոր Աննա Դանիբեկյանի դեպքում ԲԴԽ ղեկավարը հիշատակում էր սոցիալական ցանցերում մարդկանց քննարկումները:
Իրավապաշտպանը կարծում է՝ ԲԴԽ-ն այս դեպքում ճիշտ որոշում է կայացրել
Իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանը կարծում է՝ ԲԴԽ-ն այս դեպքում ճիշտ որոշում է կայացրել, նշում է՝ հարուցված վարույթն ի սկզբանե խնդրահարույց էր:
«Եթե նման գործով դատավորին պատասխանատվության ենթարկեին, խիստ մտահոգություն կլիներ այն, որ հերթական վատ նախադեպն է ձևավորվում դատավորին իր ներքին համոզմունքով, օրենքի մեկնաբանության հիման վրա պատասխանատվության ենթարկելու առնչությամբ», - նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:
Փորձագետի գնահատմամբ՝ նախարարության հարուցած վարույթների որակն ընդհանուր առմամբ մտահոգիչ է: Թեև որոշ դեպքում բարձրացված խնդիրներն օբյեկտիվ են, բայց հաճախ նաև հակառակն է նկատվում, ասում է Հարությունյանը:
«Տեսնում ենք, որ բերվում են այնպիսի վարույթներ, որոնք ընդհանրապես կարգապահական պատասխանատվության շրջանակում չպետք է հասնեն նույնիսկ ԲԴԽ, որովհետև ընդհանրապես դրա շրջանակների հարց չկա», - ընդգծեց իրավապաշտպանը:
Այդպիսի մի գործով Բարձրագույն դատական խորհուրդը, սակայն, անցած ամիս դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները, շարունակում է փորձագետը: Այս վարույթը հարուցվել էր մի տեսանյութից հետո, որն արդեն իսկ խնդրահարույց էր: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ ԲԴԽ-ն դատավորների նկատմամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերել, երբ նույն վիճելի հիմքերի առկայության պայմաններում մի դեպքում դատավորի լիազորությունները կասեցրեց, մյուս դեպքում՝ պատասխանատվության որևէ տարբերակ, անգամ նկատողություն չկիրառեց:
«Այդ տարբերության մասով կկարողանամ խոսել, եթե մենք վերցնենք մի քանի գործ ժամկետների պահպանման հետ կապված հարուցված վարույթների առնչությամբ, նկատի ունեմ ժամկետների ձգձգումների և փորձենք հասկանալ՝ որ դեպքում ինչպիսի մոտեցում է դատավորի նկամամաբ կիրառվել՝ սկսած հարուցման հիմքից վերջացրած ընտրված պատասխանատվության միջոցը: Բայց քանի որ սրանք բովանդակային առումով տարբեր գործեր են, այդ համեմատությունն անելն ըստ իս մի քիչ ավելի բարդ է լինում., - ասաց նա:
Թե՛ Վահե Դոլմազյանի վերաբերյալ այսօրվա, թե՛ Աննա Դանիբեկյանի լիազորությունների դադարեցման որոշումը Բարձրագույն դատական խորհուրդն ամբողջությամբ չի հրապարակել: Երբ դրանք լինեն, գնահատականներ հնչելցնելն առավել հիմնավոր կլինի, եզրափակեց փորձագետը: