40 տոկոսը գոհ է, 26 տոկոսը շատ գոհ կառավարության կողմից տեղահանված արցախցիների ճգնաժամի կառավարումից. այսպիսի պատկեր է Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքում։ Գո՞հ եք, թե՞ դժգոհ՝ հարցը հեռախոսով են տվել 1500 քաղաքացու։
Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը տարակուսում է, սոցցանցի իր էջում գրել է` 66 տոկոսանոց գոհունակություն, երբ բնակարանային ծրագիրը ձախողված է, «40+10 հազար» աջակցության ծրագիրը, հունվարից գործելու է միայն հատուկ և խոցելի խմբերի համար։ Նույն խայտառակ իրավիճակն է նաև աշխատանքի տեղավորման ծրագրում»։
«Կարծում եմ՝ հարցմանը մասնակցած Հայաստանի քաղաքացիների շրջանում գոհունակության այս ցուցանիշի պատճառներից մեկն այն է, որ ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ, որը նայելիս քեզ թվում է, թե տեղահանվածների բոլոր խնդիրները կարգավորված են։ Այս պնդումը նաև ապացուցվում է այն հանգամանքով, որ գոհունակության տոկոսը ավելի բարձր է հատկապես գյուղական բնակավայրերի բնակիչների շրջանում, որոնց համար տեղեկատվության հիմնական աղբյուրը Հայաստանի հանրային հեռուստատեսությունն է», - նշել է Ստեփանյանը։
Հարցվածների շրջանում հնարավոր է արցախցիներ եղել են, բայց ըստ Գեղամ Ստեփանյանի՝ պատկերը բոլորովին այլ կլիներ, եթե իրենց համար իրականացվող ծրագրերի արդյունավետությունը հենց տեղահանվածները գնահատեին։
Արցախցի Լիաննա Պետրոսյանը կամավոր ստանձնել է տեղահանվածների համար հրապարակվող կառավարական որոշումների, այսպես ասած, մեկնիչի դերը. հազարավոր հարցերը գործադիրին հասցնողը:
Ինչպիսի՞ն պիտի լինի աջակցության մասին որոշումն՝ ըստ Լիաննայի. - «Տեղահանվածը կարդալով այդ ծրագիրը մտածի, որ դա հենց իր համար է գրված ու ինքը ժամ առաջ փորձի օգտվել այդ ծրագրից»:
Ովքե՞ր են շտապել օգտվել բնակարանային ծրագրից
Ովքե՞ր են շտապել օգտվել բնակարանային ծրագրից, որ անտուն մնացած 120 հազար արցախցիների համար ամենակենսականն է. ըստ Սոցապ նախարարության այսօրվա տվյալի՝ 1260 դիմում են ստացել, հաստատված է 30-ը։
«Երբ համեմատական ենք անցկացնում շահառու ընտանիքների թվի ու դիմելիության միջև, պարզ երևում է, որ ծրագիրը ձախողել է: Ըստ պաշտոնական տվյալների՝ 25 հազար ընտանիք պետք է լինի բնակապահովման ծրագրի շահառու», - նշեց Պետրոսյանը:
Լիաննա Պետրոսյանն ասում է՝ 90 և ավելի տոկոսանոց դժգոհություն կա այս ծրագրից, քաղաքացիության պարտադիր պահանջը և գումարի չափը, որով հաճախ անհնար է տուն գտնել՝ կառավարության այս առաջարկը դարձնում են անիրագործելի։ Նա փոփոխությունների փաթեթ է գերատեսչություններ ուղարկել:
«Գլխավորը քաղաքացիության պայմանը չդիտարկել ծրագրին դիմելու պարագայում, հենց դիմելու առաջնային փուլում չդիտարկել, հետագայում գուցե ինչ-որ փոխզիջման այլ տարբերակներ ընդունել: Դրանից հետո ամենակարևորը ելակետային, բազային գումարը վերանայել», - ընդգծեց Լիաննա Պետրոսյանը:
Օրեր առաջ սոցապ նախարարից լսեց լավարկել բառը բնակարանային ծրագրի մասին խոսելիս, մտածում է՝ հույս կա. - «Հիմա մենք կրկին վերադառնում ենք այդ ծրագրերին՝ նայելու համար, թե այնտեղ ինչ լավարկումներ կարող ենք անել, որպեսզի ավելի մեծացնենք արդյունավետությունը դիմելիության առումով, և մեր բոլոր ծրագրերի դեպքում մենք էդպես ենք անում»:
«Տեղահանվածները տան վարձի գումարի կարիք ունեն այնքան ժամանակ, քանի դեռ տանիք չունեն»
40+10 հազարական դրամի ծրագիրը այս տարեվերջին ավարտվում է. սա այն գումարն է, որով մարդիկ տան վարձ ու կոմունալ վճարներն են տալիս։ Սոցապից նոր ծրագիր են խոստանում, բայց միայն հատուկ խմբերի համար։
Լիաննա Պետրոսյանը վստահ է՝ տեղահանվածները տան վարձի գումարի կարիք ունեն այնքան ժամանակ, քանի դեռ տանիք չունեն. - «Մեծ հույսեր ենք կապում, որ ձմեռվա ամենածանր շրջանում կառավարությունն այդ քայլին չի գնա՝ հասկանալով տեղահանվածների խնդիրները, հասկանալով, որ շատերը պարզապես կարող է մնան դրսում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աջակցությունից զրկված արցախցիները ակնկալում են լուծումներ վարձի ու բնակության հարցերումՄիջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներով 66 տոկոսը գոհ, 27 տոկոսն էլ դժգոհ են արցախցիների համար կառավարական ծրագրերից։ Ո՞ր հարցերում է կառավարությունը ձախողել, ըստ հարցվածների, բնակապահովման, աշխատանքի ձեռք բերման ծրագրերն են, դժգոհ են նաև փախստականների հանդեպ պետական աշխատողների խտրական վերաբերմունքից։
Արցախի օմբուդսմենի դիտարկմամբ՝ սոցիալական բեռի տակ մնացած արցախցիներն ի վերջո բռնում են արտագաղթի ճանապարհը։
44-օրյա պատերազմից հետո, վերջին 4 տարում Հայաստանից մեկնած և չվերադարձած արցախցիների թիվը շուրջ 19 հազար է, Armenia Today-ին ասել են Ազգային անվտանգության ծառայությունից։