Ազգային ժողովն այսօր ձայների 28 կողմ 56 դեմ հարաբերակցությամբ մերժեց Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով խորհրդարանի քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն էր առաջարկել քննիչ հանձնաժողով ստեղծել ու ուսումնասիրել արցախցիների սոցիալական խնդիրները, նրանց նկատմամբ ատելության խոսքը։
«ՔՊ-ականները, իրենց հետնորդներն արցախցիների մասին ինչե՞ր են խոսում։ Բա լավ, մեկին չկանչես, ասես՝ ինչե՞ր ես խոսում», - ասում էր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքերն էր հիշեցրել արցախցիների մասին։
«Արցախն իրենց երկիրն էր, իրենք Արցախը հանձնեցին, եկան այստեղ, հիմա թող իրենց հյուրի նման պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնան, առանց էն էլ 20 տարի տանտեր են եղել, դրա համար էլ այս երկիրն այս վիճակին է», - հայտարարել էր իշխանական պատգամավորը։
Բեգլարյանի տպավորությամբ՝ արցախցիների նկատմամբ ատելությունը խրախուսվում է Հայաստանի բարձրագույն իշխանության մակարդակով։
Իշխանական պատգամավորները հակադարձել էին ատելության խոսք չեն լսել, փոխարենը լսել են արցախցիներին կառավարության աջակցության ծրագրերի մասին։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում: