Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ, տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։
Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանն երեկ «Ազատության»-ը փոխանցել էր, որ Առուշանյանը հրավիրվել է նախարարության Պրոբացիայի ծառայություն, վերցվել հաշվառման, նրան ներկայացրել են դատական ակտ, ըստ որի, նա տուգանվել է 700 հազար դրամով, պետք է անցնի 1.5 տարի փորձաշրջան, ինչպես նաև 5 տարի չի կարող զբաղեցնել համայնքային պաշտոններ։
Գորիսի ավագանին, սակայն, մերժել է Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու Պրոբացիայի ծառայության պահանջը՝ արտահերթ նիստում արձանագրելով, որ Առուշանյանի պաշտոնավարումը դադարեցնելու լիազորություն չունի:
Պրոբացիայի ծառայությունն էլ այսօր հայտարարում է, որ պատժից խուսափելու մասին արձանագրություն է կազմվել, պարզաբանելով՝ «դատապարտյալի կողմից որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումից խուսափելու դեպքում Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ»։
Առուշ Առուշանյանը դեռ 2022-ի մարտի 28-ին դատարանի վճռով մի դրվագով մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, բացի այդ Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ կիրառվել էր տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Վճիռը բողոքարկվել է վերադաս ատյաններում, սակայն անարդյունք, իսկ այս տարվա հուլիսի 24-ին այն մտել է ուժի մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիսի ավագանին մերժել է Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու Պրոբացիայի ծառայության պահանջը
Առավել մանրամասն տե՛ս այստեղ