Մատչելիության հղումներ

Գորիսում քվեարկած ընտրողների շուրջ 60 տոկոսը ձայնը տվել է «Առուշանյան դաշինքին»


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով՝ մեծ տարբերությամբ պարտություն է կրել Գորիսի գործող ընդդիմադիր ղեկավար Առուշ Առուշանյանի դաշինքին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվայների համաձայն, ընտրական խախտումների համար մեղադրվող ու արդեն երեք ամիս կալանքի տակ գտնվող Առուշանյանի դաշինքի օգտին քվեարկել է 6 հազար 256 քաղաքացի կամ ընտրությանը մասնակցած ընտրողների շուրջ 60 տոկոսը։

Մինչդեռ իշխող ուժը գրեթե կրկնակի քիչ քվե է ստացել՝ 3 հազար 568 հոգի է քվեարկել ՔՊ-ի օգտին կամ ընտրողների շուրջ 34 տոկոսը։ Իշխանության քաղաքապետի թեկնածուն Վլադիմիր Աբունցն էր։ Նրա համար ընտրության արդյունքներն անսպասելի էին. - «Եթե արդար էր ընտրությունը, ես և մենք ընդունում ենք մեր պարտությունը»։

Իսկ թե ինչն էր պարտության պատճառը, հարցի պատասխանը Վլադիմիր Աբունցը չուներ։ Արդյո՞ք Գորիսի ընտրությունների նախնական արդյուքների հրապարակումից հետո իշխող ուժը կբողոքարկի դրանք, դեռ հայտնի չէ։

«Առուշանյանի դաշինքի» համայնքի ղեկավարի թեկնածուն հենց 30-ամյա Առուշանյանն է։ Ինչպե՞ս է նա ղեկավարելու համայնքը՝ գտնվելով կալանավայրում։ Գորիսի փոխղեկավար Կարեն Քոչարյանն ասում է՝ ինչպես անցած 3 ամիսներին, ինքն ու իրենց թիմի մյուս տեղակալներն են կատարելու Առուշանյանի լիազորություները. - «Խնդիրները շատ մեծ են, բայց քանի որ Առուշ Առուշանյանը ունի դրված, կազմակերպված ընթացք, գնում է էդ նույն ընթացքը, շարունակվում է իր ստեղծածը, իր կազմակերպածը»։

Օրենքով ոչ մի խոչընդոտ չկա. Առուշանյանը կարող է կալանքի տակ մնալ, նրա լիազորությունները չեն դադարեցվի, ասում է ընտրական ոլորտի փորձագետ Վարդինե Գրիգորյանը՝ հավելելով, որ 30-ամյա ընդդիմադիր Առուշանյանի լիազորությունները միայն մեկ դեպքում կարող են դադարեցվել. - «Առուշ Առուշանյանի դեմ քրեական գործի հետ կապված, լիազորությունները կդադարեցվեն, եթե մեղադրական եզրակացությամբ դատապարտվի ազատազրկման։ Մինչ այդ թե' կալանավորված լինելու դեպքում, թե' այլ առումով ինքը կարող է շարունակել իր լիազորությունները։ Բայց դատապարտման դեպքում լիազորությունները կդադարեցվեն։ Պետք է հիշել, որ համայնքի ղեկավարը անձեռնմխելիություն չունի, կամ դրա հետ կապված այլ ընթացակարգեր չկան»։

Գրիգորյանի խոսքով, այդ դեպքում էլ նախնական տվյալներով ավագանիում բացարձակ մեծամասնություն ունեցող «Առուշանյան դաշինքը» համայքնի ղեկավար կարող է ընտրել իր ցուցակից։

Իշխող ուժը պարտություն է կրել նաև Մեղրիում։ Իրանին սահամանակից համայքնում հաղթանակ է տարել Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակացությունը։ «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ նախնական արդյունքների, Սյունիքում հաղթանակ է տարել միայն Տեղ և Տաթև համայնքներում:

Խորհրդարանական վերջին ընտրություններում Գորիսում ձայների առավելությամբ առաջին տեղում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր, երկրորդում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը, որին միացել ու սատարում էին Սյունիքի խոշոր համայնքների ղեկավարները, այդ թվում՝ Գորիս համայնքի գործող ղեկավար Առուշ Առուշանյանը:

Երեկ մարզում ընտրությունների ընթացքին նաև դիտորդական առաքելություններն էին հետևում: «Անկախ դիտորդ»-ը օրվա ընթացքում մի շարք խախտումներ էր արձանագրել, անգամ ահազանգեր ստացել իշխող ուժի և ընդդիմադիր Առուշ Առուշանյանի դաշինքի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Ոստիկանները երեկ նույն պատճառով ժամեր շարունակ խուզարկություն էին իրականացնում «Առուշանյան դաշինքի» շտաբում: Նրա թիմակիցները իրավապահների քայլը բեմադրություն են որակում, պնդում, թե դաշինքից որևէ մեկն ընտրակաշառք չի բաժանել։

XS
SM
MD
LG