Պարտադիր առողջապահական ապահովագրությունը, որ Փաշինյանի կառավարության մասշտաբային ծրագրերից մեկն է համարվում, ե՞րբ կհասնի քաղաքացուն, ե՞րբ է նախարարությունը սկսելու ներդրման գործընթացը։ Առողջապահության փոխնախարարը չգիտի։
Արտակ Ջումայանը տեղյակ է՝ օրենքի նախագիծը կառավարությունում է ու ակտիվ քննարկման փուլում է։ Ըստ փոխնախարարի՝ բոլոր գերատեսչությունները մանրամասն ուսումնասիրում են։
«Պետք են ավելի հստակ հաշվարկներ՝ ֆինանսական և այլ, որպեսզի կարողանանք ճիշտ սկիզբ տանք ու հետագա փուլային ներդրումներն էլ լինեն կանոնակարգված ու ճիշտ ժամկետների մեջ», - նշեց Ջումայանը:
Առողջապահության ոլորտի պատասխանատուն՝ Անահիտ Ավանեսյանն անցած տարի խոստանում էր ծրագիրը սկսել 2024-ից։ Տարվա ավարտին մնացել է 3 ամիս, բայց նախագիծը դեռ խորհրդարան չի հասել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիրը. որքա՞ն գումար է պահվելու մարդկանց աշխատավարձից«2024 թվականից հուլիսից ապահովագրական փաթեթը կգործարկվի», - հայտարարել էր Ավանեսյանը:
Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը չի հավատում, որ կառավարությունն այս նախագիծն իր նշած ժամկետներում կհասցնի։ Ավանեսյանի ներկայացրած հայեցակարգը կառավարությունը հաստատեց 2023-ի սկզբին։
«Նա խաբեց կառավարությանը, խաբեց Ազգային ժողովին, խաբեց ամբողջ հանրությանը», - նշեց Կյուրեղյանը:
Որ հուլիսին չեն հասցնի, գարնանը խոստովանեց նախարար Ավանեսյանն ու խոստացավ աշնանը հասցնել. - «Այո, հունիս ամսին մենք չենք հասցնի այն արդեն ուղարկել և քննարկել, բայց աշնան նստաշրջանում կհասցնենք, կարծում եմ»:
Արմենուհի Կյուրեղյանն ընդգծում է. - «Եկեք հասկանանք՝ էդ որ խոստումն է իրականցվել և ինչ չափով են իրականացվել այս կառավարության տված խոստումները, որ հանրությունը սպասի այդ խոստումի կատարմանը: Ըստ էության, դա իրենց գործելաոճն է»:
Ըստ հայեցակարգի՝ ծրագիրն ուժի մեջ է մտնելու փուլերով, առաջին փուլում համակարգից կօգտվեն այն քաղաքացիները, որոնք այս պահին էլ առողջապահական ծառայություններից օգտվում են պետպատվերով՝ անվճար: Պետությունը կսուբսիդավորի տարեկան 300 հազարից քիչ եկամուտ ունեցողներին 30-40 տոկոսի չափով, իսկ աշխատող քաղաքացիներն ամսական 13 հազար 700 դրամ կվճարեն, տարեկան՝ 164 հազար դրամ: Բայց սրանք նախնական թվեր են։
«Կան սպեցիֆիկ մոտեցումներ, որոնք պետք է ավելի ու ավելի դիտարկվենք, քանի որ դա ամենամեծ բարեփոխումներից մեկն է, և իր մեջ տարատեսակ կոմպոնենտներ է հաշվարկված: Սա պետք է լինի ճշգրիտ, որպեսզի չունենանք ընթացքի հետ կապված խնդիրներ», - ընդգծեց փոխնախարարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած խոստումներին՝ առողջապահական համակարգն այս տարի չի ներդրվիԸստ հայեցակարգի՝ 2025-ին պետական աշխատողներն են ընդգրկվելու, 2027-ին ապահովագրության փաթեթ պետք է ունենա բնակչության 95 տոկոսը։ Բայց թե նախագիծը կառավարությունից ե՞րբ կհասնի խորհրդարան ու որքա՞ն հետ կընկնեն այս ժամկետները, դեռ հայտնի չէ։
«Մի փոքր ուշանում է, բայց այս պահին ժամկետների հետ կապված, թե երբ վերջնական ներդրում կունենանք, չունենք», - ասաց Արտակ Ջումայանը
Պարտադիր ապահովագրության իրականացումը կարևոր է նաև վիզաների ազատականացման Հայաստան - Եվրամիություն երկխոսության համար։ Բրյուսելի պահանջած բարեփոխումներից է սա։