Մատչելիության հղումներ

Առողջական ապահովագրության փաթեթում ՔՊ-ականները խնդիրներ են տեսնում. նախարարն արձագանքում է


Բժշկական կենտրոն Երևանում, արխիվ
Բժշկական կենտրոն Երևանում, արխիվ

Լրատվամիջոցները կրկին գրում են, թե առողջապահության նախարարին պատրաստվում են աշխատանքից ազատել, անգամ տեղակալի անունն է շրջանառվում՝ որպես նրան փոխարինող։ Գործադիրի նիստից հետո Անահիտ Ավանեսյանը լրագրողներին ասաց՝ արդեն հոգնել է այդ լուրերից։

«Բամբասանքի ամենշաբաթյա տիրաժավորումից, որը, կարծես թե, 21 թվականից չի դադարում», - նշեց նա։

Մամուլն Ավանեսյանի հրաժարականի մասին սկսեց գրել դեռ քովիդի ակտիվ պատվաստումների շրջանում, հետո այդ հրապարակումները շարունակվեցին 2021-ին, հատկապես, երբ նաև կառավարությունը հայտարարեց, որ առողջության համապարփակ ապահովագրության համակարգը շուտով կյանքի կկոչվի:

Եթե հրաժարականի հարց չի քննարկվում ապա ինչո՞ւ են այս լուրերը հաճախ տարածվում, եղե՞լ է այս թեմայով քննարկում վարչապետի հետ, կամ 2021-ի կոնկրետ ո՞ր իրադարձությունների հետ է կապում այս ամենը, որ նշում է դրա մասին. Ավանեսյանն այս հարցերն անպատասխան թողեց. - «Չեմ պատասխանում բամբասանքներին, և այս անընդհատյա տիրաժավորումն էլ ինձ համար շատ զավեշտալի է»։

2023-ին կառավարությունն արդեն հաստատեց առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը: Նախարարը հայտարարեց, թե 2023-ը նախապատրաստական տարի է, իսկ 2024-ի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործի այն քաղաքացիներիի համար, որոնք այսօր պետական պատվերի շահառու են: Չնայած այս խոստմանը ժամկետները փոխվեցին, հիմա էլ աշուն է տեղափոխվել:

«Ազատություն»-ը նախարար Ավանեսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ, արդարացավ՝ բարդ գործընթաց է. - «Ռեֆորմը լայնածավալ է, մեծ է, և մենք կարծում ենք, որ այո, հնարավորինս մանրակրկիտ աշխատանքը շատ ավելի կարևոր է։ Վերջնական տարբերակը կառավարության շրջանակներում քննարկված գնացել է Արդարադատության նախարարություն, կուղարկենք կոմիտեում քննարկելու, և նիստին կդրվի»։

Ավանեսյանի կուսակից, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորսյանից բացի, ապահովագրության փաթեթի նախագծում խնդիրներ է տեսնում ու դրանց մասին բարձրաձայնում նաև մեկ այլ կուսակից՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Պնդեց՝ խմբակցությունում շատերն են իր հետ համաձայն։ Օրինակ, ըստ իշխանական պատգամավորի, սխալ է, որ ապահովագրությունը պետական մեկ հիմնադրամ իրականացնի, կարծում է՝ մասնավորն էլ պետք է ներգրավվի, որ քաղաքացին ընտրության հնարավորություն ունենա:

Աղազարյանը սեփական օրինակով է բացատրում ինչպես, ինչու. - «Նստած են լինելու սեռի կոստյումով տղամարդիկ՝ փողկապով, երիտասարդ և ոչ երիտասարդ, կանայք՝ կոստյումներով, և իրենց հետաքրքիր էլ չի լինելու, թե Աղազարյան Հովիկը հիվանդ է, հիվանդ չէ։ Իսկ մասնավոր ապահովագրական ընկերությունը զանգելու է, ասի՝ պարոն Աղազարյան, հուլիսի 15-ից հուլիսի 30-ը պարտավոր եք ներկայանալ՝ ստուգումներն անցնելու համար, եթե չներկայացաք, այա ըստ պայմանագրի՝ 2 տարվա ընթացքում որևէ բան պատահի, չենք փոխհատուցելու»։

Այդուհանդերձ, Աղազարյանն ասում է՝ չեն կարողացել Ավանեսյանին համոզել, որ իրենց տարբերակն է լավագույնը: Ավանեսյանն էլ շարունակեց՝ տարբեր կարծիքներ միշտ կլինեն. - «Նորմալ եմ համարում, որ կլինեն նաև թիմում մարդիկ, որոնք գուցե կունենան այլ կարծիք, բայց նորից պիտի հիշեցնեմ, որ կառավարությունը հայեցակարգը ընդունել է արդեն մեկ ապահովագրական հիմնադրամի շրջանակներում, և կարծես թե կոնսենսուսն ունենք», - ասաց նա։

Վերջին 30 տարում առողջապահության գրեթե բոլոր նախարարներն են ասել, որ Հայաստանն էլ պետք է հետևի քաղաքակիրթ երկրների օրինակին ու առողջապահական ապահովագրություն ունենա: Մի քանիսն անգամ նախաձեռնել են համակարգի ներդրումը, բայց հետո կիսատ թողել, անգամ մեկնարկային փուլին չեն մոտեցել: Հիմա Ավանեսյանը պնդում է՝ արդեն ժամկետներից հետ ընկած փուլային այս համակարգը 2027-ից ամբողջությամբ կգործի։

Պետությունը կսուբսիդավորի տարեկան 300 հազարից քիչ եկամուտ ունեցողների ապահովագրավճարի 30-40 տոկոսը, իսկ աշխատող քաղաքացիներն ամսական 13 հազար 700 դրամ կվճարեն, տարեկան՝ 164 հազար դրամ: ՔՊ-ական պատգամավորն այս թվերի հետ էլ համաձայն չէ, ասում է՝ շատ է. - «100-120 հազար դրամը լրիվ բավարար է այսօրվա չափորոշիչներին անհրաժեշտ մակարդակի առողջապահական ապահովագրություն իրականացնելու համար»։

Նախարար Ավանեսյանն ասում է՝ ամեն ինչ հաշվարկվել է շատ երկար, քննարկումների տարբեր փուլեր են անցել: Գուցե նաև այս տարաձայնություննե՞րն են պատճառը, որ մամուլը պարբերաբար գրում է նախարարի հրաժարականի մասին: Աղազարյանը չբացառեց, բայց ասաց՝ խմբակցությունում այդ հարցը չի քննարկվել, հույս ունի, որ կառավարությանը դեռ կկարողանան համոզել փոխել, իրենց գնահատմամբ, վիճահարույց կետերը։

Առողջական ապահովագրության փաթեթում ՔՊ-ականները խնդիրներ են տեսնում. նախարարն արձագանքում է
please wait

No media source currently available

0:00 0:05:08 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG