Մատչելիության հղումներ

Հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիրը. որքա՞ն գումար է պահվելու մարդկանց աշխատավարձից


Այս հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիրը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր մանրամասնեց՝ փուլերով, սկզբում պետպատվերի շահառուները կներառվեն համակարգում։

«Մինչև 18 տարեկան երեխաներն են, առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամներն են կամ ֆունկցիոնալության այդ աստիճանները ունեցող քաղաքացիներն են, և ունենք մի շարք այլ խմբեր», - ներկայացրեց Ավանեսյանը:

Ռիսկերից խուսափելու համար հենց փուլային ճանապարհն էին մատնացույց անում փորձագետները։ Նախարարն էլ այսօր մանրամասնեց՝ ինչ հաջորդականությամբ է պարտադիր ապահովագրությունն աշխատելու։ Արդեն հաջորդ տարի թոշակառուները կօգտվեն ապահովագրական փաթեթի ողջ ծառայություններից: 2027 թվականից առողջության ապահովագրությունը պարտադիր կլինի բոլորի համար։

Որքա՞ն գումար է պահվելու մարդկանց աշխատավարձից, դրա ո՞ր մասն է վճարելու գործատուն, համակարգի մասնակի գործարկումից կես տարի առաջ դեռ չի հստակեցվում: Անահիտ Ավանեսյանն այսօր միայն ասաց, որ գումարը չի գերազանցի տարեկան 200 հազար դրամը։ Որոշ խմբերի համար կգործի սուբսիդավորման համակարգ։ Մինչև 18 տարեկան երեխաների, 63 և բարձր տարիքի, հաշմանդամություն ունեցող անձանց համար կառավարությունն ամբողջությամբ սուբսիդավորելու է ապահովագրավճարը պետական բյուջեից։

«Ովքեր միջին աշխատավարձից ավելի ցածր են ստանում պետությունը կգործարկի սուբսիդավորման ճկուն համակարգ, և այդ շեմից ցածր ստացողների համար կգործի 30, 40, 50 տոկոսի սուբսիդավորման մեխանիզմը», - նշեց նախարարը:

Դեռևս չկա հիվանդությունների հստակ ցանկ, որը փակելու է ապահովագրությունը։ Արդյո՞ք թանկարժեք բուժօգնությունը, որն այսօր հասանելի չէ շատերին, կներառվի։

Ավելի վաղ առողջապահական գերատեսչության ներկայացուցիչները պնդում էին, որ սրտային վիրաբուժությունը, օնկոլոգիական բուժօգնությունը, դեղորայքային, ճառագայթային բուժումը ներառելու են, այսօր նախարարը, սակայն, հիվանդությունների ցանկը չնշեց, ասաց միայն՝ փաթեթների ձևավորման մի քանի սկզբունք կա։

«Երբ նշվում էլ, որ հասանելի են ծառայությունները, բացառությամբ... ու մի երկար ցանկ է լինում, թե ինչն է բացառությունը, դիմում ես, պարզվում է, որ ինչի համար դիմում ես, բացառություն է հանդիսանում: Հիմա մենք ներառելու ենք այն ցանկը, որը հասանելի է մեր քաղաքացիների համար լինելու, որ այստեղ տարընթերցումների ու անհասկանալիության խնդիր չլինի թե՛ քաղաքացու, թե՛ բժշկական կենտրոնի և թե՛ մեր համար», - ընդգծեց Անահիտ Ավանեսյանը:

Այս հայտարարություններին զուգահեռ, այդուհանդերձ, մտահոգությունները չեն դադարում։ Հատկապես մարզերում բժիշկները բարձրաձայնում են բժշկական սարքավորումների ու մասնագետների պակասի մասին։ Առողջապահության նախարարը խոստանում է, որ առաջիկա տարիների ընթացքում մի քանի տասնյակ բժշկական կենտրոններ կվերազինվեն, նորերը կկառուցվեն։

Ի դեպ, այսօր քիչ չեն կազմակերպությունները, որոնք օգտվում են մասնավոր ապահովագրական ընկերություններից և դրանք բավականին լավ ծածկույթ ունեն՝ ատամնաբուժական ծառայությունից սկսած մինչև թանկարժեք հետազոտություններ։ Դրանք հիմնականում ՏՏ ոլորտի ընկերություններն են ու միջազգային կազմակերպությունները։ Նախագծով նրանց ևս պարտադրվում է պետական առողջապահական ապահովագրությունը։

XS
SM
MD
LG