Արևմուտքն Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով, Թեհրանը հերքում է Մոսկվային բալիստիկ հրթիռների մատակարարումը

Իրանական արտադրության Fath 360 բալիստիկ հրթիռները, արխիվ

Բրյուսելն արժանահավատ է համարում Թեհրանի կողմից Մոսկվային փոքր հեռահարության հրթիռների մատակարարման մասին պնդումները՝ սպառնալով նոր պատժամիջոցներով, Կրեմլն էլ հայտարարում է՝ Իրանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է այդ թվում ամենազգայուն ոլորտներում։

Անցած շաբաթավերջին The Wall Street Journal-ը հայտնեց, որ Իրանն արդեն Ռուսաստանին է փոխանցել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ՝ այդպիսով հաստատելով Թեհրանի և Մոսկվայի միջև սպառազինության հնարավոր նոր գործարքի վերաբերյալ տևական ժամանակ շրջանառվող խոսակցությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

AP. ԱՄՆ-ը դաշնակիցներին ծանուցել է Իրանի՝ Ռուսաստանին հրթիռներ փոխանցելու մասինՈւկրաինան Իրանին սպառնում է «կործանարար հետևանքներով»

«Մենք ծանոթ ենք Ռուսաստան իրանական բալիստիկ հրթիռների մատակարարման վերաբերյալ դաշնակիցների տրամադրած արժանահավատ տեղեկատվությանը», - այսօր հայտարարել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն:

«Մենք անդամ պետությունների հետ միասին մանրամասն ուսումնասիրում ենք այդ ամենը, և հաստատվելու դեպքում այս առաքումը կներկայացնի զգալի նյութական սրացում Իրանի կողմից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմին աջակցելու հարցում», - ընդգծել է նա:

Ստանոն պնդել է՝ Եվրամիությունն արագ և համակարգված կարձագանքի այդ զարգացումներին, այդ թվում՝ Իրանի դեմ սահմանափակումների տեսքով:

Սպիտակ տունը ևս հայտարարել էր՝ «իրանական բալիստիկ հրթիռների մատակարարումները Ռուսաստան Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմին Իրանի աջակցության դրամատիկ սրացում է»:

Կրեմլի խոսնակն այսօր ավելի վաղ լրագրողների հետ զրույցում չի հերքել ռուսական զինանոցը իրանական բալիստիկ հրթիռներով համալրելու մասին արևմտյան մամուլի պնդումները, Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Թեհրանն ու Մոսկվան դաշնակիցներ են և շարունակում են զարգացնել երկկողմ համագործակցությունը։

«Ամեն անգամ չէ, որ նման տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Իրանը մեր կարևոր գործընկերն է, մենք զարգացնում ենք առևտրատնտեսական հարաբերությունները, մենք զարգացնում ենք համագործակցությունն ու երկխոսությունը բոլոր հնարավոր, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կրեմլը չի հերքում Իրանից բալիստիկ հրթիռներ ստանալու մասին հաղորդումները

Reuters-ը ավելի վաղ հղում անելով հետախուզական ծառայություններում սեփական աղբյուրներին հաղորդել էր, որ Իրանը պատրաստվում է հարյուրավոր Fath 360 մարտավարական բնույթի հրթիռներ փոխանցել Մոսկվային։ Այդ հրթիռների հեռահարությունը 30-ից 75 կիլոմետր է։ Այս տեղեկություններին նախորդել էր ՌԴ պաշտպանության նախկին նախարար, այժմ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի այցը Թեհրան։

Պաշտոնական Թեհրանը հերթական անգամ հերքում է ռուսներին մահաբեր սպառազինություն վաճառելու մասին մեղադրանքները։ «Մենք կտրականապես մերժում ենք պատերազմի կողմերից մեկին զենք արտահանելու հարցում Իրանի դերի մասին պնդումները», - հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական հարձակումից ի վեր Կիևն ու դաշնակիցները պնդում են, որ ռուսական բանակը իրանական արտադրության Shahed և/կամ Mohajer-6 անօդաչու թռչող սարքեր է գործածում՝ այդ թվում խաղաղ բնակավայրերի դեմ հարձակումներում:

Թեհրանը նախ հերքում էր, թե զինում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ, ամիսներ անց, սակայն, ընդունեց, որ սահմանափակ թվով անօդաչուներ է մատակարարել Մոսկվային՝ պատերազմից առաջ։ Իրանի այս բացատրությունները, այդուհանդերձ, համոզիչ չէին, առնվազն՝ Արևմուտքի համար։ Մոտ մեկ տարի է՝ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ՝ Ռուսաստանին օգնելու համար։