Ուկրաինայի ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթիռների մատակարարման մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունների կապակցությամբ։ Պաշտոնական Կիևը հայտարարել է՝ եթե այդ լուրերը հաստատվեն, դրանք «կործանարար հետևանքներ կունենան» ուկրաինա-իրանական հարաբերությունների վրա։
Արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը արած հայտարարությամբ նաև կոչ է անում Իրանի ղեկավարությանը զերծ մնալ Ռուսաստանին զենք և ռազմական տեխնիկա մատակարարելուց, ինչպես նաև միջազգային հանրությանը՝ «ուժեղացնել ճնշումը Թեհրանի և Մոսկվայի վրա՝ հանուն խաղաղության և անվտանգության պաշտպանության»։
The Wall Street Journal-ը և CNN-ը գրել էին, որ Իրանն արդեն փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար՝ վկայակոչելով հետախուզական աղբյուրները:
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, մեկնաբանելով այս լուրերը, ասել է, որ Թեհրանն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վեճերը լուծելու և ռազմական հակամարտությունների դադարեցման քաղաքական լուծմանը։
«Ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր, Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի եղել այս հակամարտության և դրա շարունակության մաս»,- նշել է նա։